ԳլխավորԶբոսանքներ Մարտինայի հետ

Մի պատառիկ օր

Կարմիր բարձրակրունկներով կինը քայլում էր պողոտայով։ Ձեռքին կարմիր թղթապանակ էր ու նույն գույնի լաքապատ պայուսակ։ Քայլերն ուղիղ էին, ինքնավստահ։ Թեթևակի ուղղեց շրջազգեստի եզրերն ու շարունակեց ճանապարհը։ Հասավ մեծ դարպասներով շենքին, ներս մտավ, թեթև գլխի շարժումով բարևեց պահակին։ Միջանցքում աղմուկ էր, ինչպես լինում է դպրոցներում օրվա այդ ժամին։ Վազվզող երեխաները հերթով բարևում էին տիկին Հովհաննիսյանին, իսկ ինքը ժպիտով պատասխանում էր յուրաքանչյուրին։ Զանգը հնչեց։ Մտավ դասասենյակ։

•••

Կեսօրյա տապից հետո մի քիչ հովացել էր։

Լիլիթն իր կարմիր թղթապանակը կրծքին սեղմած քայլում էր նույն ճանապարհով, հընթացս հեռախոսով խոսում էր ամուսնու հետ, ով այդ օրը մնալու էր երկրորդ հերթափոխի։ Հասավ տան մոտի մթերային կրպակ։

Վաճառողուհին ոգևորությամբ ողջունեց իր մշտական հաճախորդին, ումից փորձում էր հայոց լեզվին, նոր սերնդի երեխաներին և դպրոցական անցուդարձին վերաբերող տեղեկություններ ստանալ։

Իր ձեռքով տոպրակը լցրեց կարտոֆիլը (ուսուցչուհի է, ձեռքերը թող չսևանան), սմբուկը, լոլիկը։

Մի քանի ծանր փաթեթ ստացվեց։ Սկզբում կասկածեց, թե կկարողանա այդ ամենը մենակ տանել, հետո հավաքեց ուժերն ու քայլեց կրպակից դուրս։ Ոչ մի հարևան չպատահեց ճանապարհին։ Վերելակին մոտեցրեց փաթեթներն ու դրեց հատակին։ Յոթերրորդ հարկում կանգ առավ։ Դռան մոտ տոպրակներն էլի դրեց գետնին, խոր շունչ քաշեց ու դեմքին ժպիտ նկարեց, որ երկու բալիկները չզգան մոր դեմքի հոգնությունը։

•••

Ներս մտնելով՝ առաջինը մորը տեսավ, ով քիչ գունատ էր։ Անհանգիստ առաջ եկավ։ Մայրն ասաց, որ փոքր֊ինչ վատառողջ է, դեղ է խմել։ Լիլիթը մի կողմ դրեց բարձրակրունկները, արագ մոտեցավ մորը։ Ձեռքով չափեց ջերմությունը։ Կարծես մայրը ջերմում էր։ Մտավ խոհանոց թեյ պատրաստելու։ Հարևան սենյակից վազելով եկան երկու չարաճճի բալիկները, ովքեր խաղով տարված՝ չէին նկատել մոր վերադարձը։

Լիլիթը մի պահ իրեն զգաց վատ մայր, ով լրիվ աչքաթող էր արել իր զավակներին։ Երեխաները վազելով եկան փաթաթվեցին մոր պարանոցին ու սկսվեց հավերժական պայքարը, թե ով է ավելի շատ սիրում մայրիկին։ Այդպես գրկախառնված երկար մնացին…

•••

Քնած էին բոլորը։ Լիլիթը նստեց մահճակալին։ Ակամա փակվեցին աչքերը։ Վեր թռավ մեղավորության զգացումով։ Գնաց երեխաների սենյակ։ Փոքրը ծածկոցը դեն էր գցել՝ ծածկեց, համբուրեց մանուկների այտերը։ Մտավ մոր սենյակ. խաղաղ քնած էր։ Ոտքերը մի կերպ քարշ տալով եկավ իր սենյակը։ Հայացքը գցեց հայելուն, դեմքը մոտեցրեց։ Բամբակի սկավառակով մաքրեց շպարի մնացորդներն ու զննեց դեմքը։ Աչքերի շուրջ, բերանի եզրերին և ճակատի կենտրոնական հատվածում կնճիռներն ավելի էին խորացել։

Վերցրեց երիտասարդացնող շիճուկից մատի ծայրով ու քսեց դեմքին։ Նայեց իր և ամուսնու լուսանկարին, որտեղ ասես ուրիշ, ավելի գունեղ մի մի աղջիկ էր չարաճճիորեն ժպտում։

•••

Նայեց նկարի կողքին դրված դասացուցակին։ Վաղը կսկսվի ամեն ինչ նորից։

Մ.Գ.

Comment here