ԳլխավորԿրթություն

Իրազեկում. «Կենսաբանություն»

Կենսաբանություն

Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի համաձայն՝ «Կենսաբանությունը» ընդգրկվել է «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա» (ԲՏՃՄ) ուսումնական բնագավառում: Կենսաբանության առարկայական չափորոշչի և օրինակելի ծրագրի նախագծի համաձայն՝ «Կենսաբանությունը», ինչպես ներկայում, միջին դպրոցում որպես պարտադիր առարկա ուսումնասիրվելու է 7-9-րդ դասարաններում: Ավագ դպրոցում սովորողները, իրենց նախասիրություններից և մասնագիտական կողմնորոշումից ելնելով, կարող են «Կենսաբանությունը» ուսումնասիրել կա՛մ որպես առանձին առարկա, կա՛մ ինտեգրված «Բնագիտություն» առարկայի շրջանակում։ Ավագ դպրոցում «Կենսաբանություն» առարկան նպատակ ունի ընդլայնել և խորացնել հիմնական դպրոցում ձեռքբերված գիտելիքներն ու կարողությունները և նախապատրաստել մասնագիտական բուհերում հետագա ուսումնառությանը։

Ներկայացված նախագծով առաջարկվում են հետևյալ փոփոխությունները՝

• «Կենսաբանություն» առարկայի բովանդակության մեջ չորս հիմնական ուղղություններից «ընդհանուր կենսաբանության հիմնախնդիրներ» ուղղությունը փոխարինվել է «ժառանգականություն և փոփոխականություն» հիմնական գաղափարով։ Առարկայի բովանդակությունը կառուցվել է «մոլեկուլներից օրգանիզմներ», «էկոհամակարգ, փոխհարաբերություններ և դինամիկա», «ժառանգականություն և փոփոխականություն», «էվոլյուցիա և կենսաբազմազանություն» հիմնական գաղափարների հենքի վրա, որոնցից կբխեն առարկայի ուսումնառությունից ակնկալվող վերջնարդյունքները։

• «Կենսաբանություն» առարկայի բովանդակության մեջ առավել շեշտադրվել են կենսաբանության ժամանակակից զարգացումները և կիրառությունները, այդ թվում՝ կենսատեխնոլոգիայի կիրառությունը։ Մեծ տեղ է հատկացվել մարդու առողջությանը, հաճախ հանդիպող հիվանդությունների առաջացման պատճառներին, դրանց կանխարգելման և բուժման ժամանակակից մոտեցումներին։ Ծրագրում վերանայվել է կենդանի օրգանիզմների կարգաբանությունը, որտեղ հաշվի են առնված դասակարգման ժամանակակից սկզբունքները։

• Առարկայի բովանդակությունը կառուցվել է չորս հիմնական գաղափարների պարուրաձև զարգացման սկզբունքով. հիմնական դպրոցի «Կենսաբանությունը» հիմնվում է 2-6-րդ դասարաններում դասավանդվող «Ես և շրջակա աշխարհը» և «Բնություն» առարկաների վրա։ Ավագ դպրոցի «Կենսաբանության» ծրագրում բոլոր չորս հիմնական գաղափարների շրջանակում ուսումնասիրվող թեմաները խորանում և ընդլայնվում են։ Դա հնարավորություն է տալիս բեռնաթափել հիմնական դպրոցում ուսումնառվող փաստական նյութի ծավալը և աշակերտների ժամանակ տրամադրել՝ հետազոտական և փորձարարական հմտությունների, քննադատական մտածողության զարգացման համար։

• Բովանդակության ուսուցման լիարժեք պարուրաձևությունը հնարավորություն է տալիս նաև ավագ դպրոցի ավարտական և բուհերի ընդունելության միասնական քննություններում ներառել բացառապես ավագ դպրոցում ընդգրկված նյութը և հրաժարվել ներկայում գործող ձևաչափից, երբ միասնական քննությամբ ստուգվում էր նաև 7-8-րդ դասարաններում ուսումնառած փաստական նյութի իմացությունը։

• Սովորողներին ներկայացվող եռամակարդակ պահանջները փոխարինվել են դպրոցի յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտի համար սահմանված ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով: Վերջնարդյունքները ձևակերպելիս առավել ուշադրություն է դարձվել դրանց չափելիության, դիտարկելիության, հստակության, միարժեքության, սովորողների զարգացման դինամիկայի ապահովման հետ կապված խնդիրներին: Ուսումնառության վերջնարդյունքները վերաբերում են ինչպես տեսական նյութի իմացությանը, այնպես էլ սովորողների տրամաբանական մտածողության, դասընթացում ձեռքբերած գիտելիքները տարբեր իրավիճակներում կիրառելու, պրակտիկ գործունեություն ծավալելու կարողություններին:

• Ավագ դպրոցում առավել շեշտադրվել է սովորողների քննարկելու, վերլուծելու, փորձարարական ճանապարհով և տարբեր աղբյուրներ ուսումնասիրելով՝ տեղեկույթ ձեռք բերելու, մշակելու և ներկայացնելու, եզրակացությունների հանգելու, սեփական փաստարկված կարծիքը ձևավորելու և արտահայտելու կարողությունների զարգացումը։

• Առարկայի դասավանդման և գնահատման մեջ առավել շեշտադրվել է բնագիտական և ճարտարագիտական պրակտիկաների ուսուցումը և գնահատումը։ Այդ պրակտիկաները ներառում են գիտնականի նման մտածելու և գործելու համար անհրաժեշտ կարողությունները և հմտությունները, որոնցից են՝ հարցեր ձևակերպելը, մոդելներ ստեղծելը և դրանց միջոցով երևույթները բացատրելը, հետազոտություններ պլանավորելը և իրականացնելը, փաստարկելը, տեղեկույթ ձեռք բերելը, գնահատելը և հաղորդելը։

• Բնագիտության տարբեր ոլորտները կապելու և սովորողների մոտ աշխարհի համապարփակ և գիտականորեն հիմնավորված տեսակետ կառուցելու համար ներմուծվել են խաչվող հասկացություններ, որոնցից են՝ բնության մեջ գոյություն ունեցող օրինաչափությունները, պատճառահետևանքային կապերը, կառուցվածքի և գործառույթի փոխկապակցվածությունը և այլն։

• Օրինակելի ծրագիրը* ուսուցիչների համար առավել կիրառելի և օգտակար դարձնելու նպատակով յուրաքանչյուր թեմայի համար մասնավորեցվել են առավել մանրամասն վերջնարդյունքներ, բերվել են բնագիտական և ճարտարագիտական պրակտիկաների, խաչվող հասկացությունների և միջառարկայական կապերի օրինակներ։ Ցույց է տրվել թեմաների ուսումնառության վերջնարդյունքների կապը Հանրակրթության պետական չափորոշչում սահմանված վերջնարդյունքների հետ:

• Առարկայի գնահատման մեջ առավելապես փաստական գիտելիքների ստուգումից խուսափելու համար ավելացվել է պահանջ, ըստ որի՝ հիմնական դպրոցում «Կենսաբանության» գնահատականի 55-60%-ը պետք է կազմեն կենսաբանության հիմնական գաղափարների իմացությունը և ըմբռնումը։ Բնագիտական և ճարտարագիտական պրակտիկաներին տիրապետումը պետք է կազմի գնահատականի 40-45%-ը, որից 15%-ը բաժին ընկնի հետազոտություններ պլանավորելուն և իրականացնելուն։ Ավագ դպրոցում բնագիտական և ճարտարագիտական պրակտիկաներին տիրապետումը պետք է կազմի գնահատականի 50-55%-ը, որից 20%-ը բաժին ընկնի հետազոտություններ պլանավորելուն և իրականացնելուն։

«Կենսաբանության» չափորոշիչը և ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել մի շարք առաջատար երկրների կենսաբանության և բնագիտության չափորոշիչները և ծրագրերը, բնագիտության հիմնական գաղափարների, բովանդակության կառուցման և դասավանդման միջազգային հետազոտությունների արդյունքները և առաջարկները, մաթեմատիկայի և բնագիտության միջազգային TIMMS ստուգաթեստի ծրագիրը և գնահատման սկզբունքները, վերջնարդյունքների մշակման վերջին զարգացումները։

* «Կենսաբանության» օրինակելի ծրագիրը բերված է ընդամենը որպես առարկայի չափորոշչով սահմանված վերջնարդյունքներին հասնելու օրինակ, և յուրաքանչյուր դպրոց ազատ է օգտագործել այդ ծրագիրը կամ չափորոշչի հիման վրա մշակել և հաստատման ներկայացնել իր սեփական ծրագիրը՝ պարտադիր ապահովելով կենսաբանության չափորոշչով սահմանված ակնկալվող վերջնարդյունքների ձևավորումը:

ԿԳՄՍՆ

 

Comment here