ԳլխավորԼուրԿրթություն

Աշխարհագրությունից 20 բալ ստացող չունենք, կենսաբանությունից 1 դիմորդ է. ճգնաժամի պատճառները

Դիմորդ, քննություն

Usanogh.am-ն արդեն հայտնել է, որ այս տարվա հունվարին կայացած միասնական քննություններին հայտագրվել էր 6856 դիմորդ, հունիսին՝ 13 456 դիմորդ: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս բնագիտական առարկաների, մասնավորապես` կենսաբանության, աշխարհագրության և քիմիայի գծով անմխիթար պատկեր ունենք:

Այսպիսով` ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը Usanogh.am-ին տեղեկացնում է, որ «Աշխարհագրություն» առարկայից  երկրորդ փուլում քննություն է հանձնել ընդամենը 89 դիմորդ: Այս առարկայից միջին միավորը 11.72 է: Դրական միավորի շեմը չի հաղթահարել քննություն հանձնած դիմորդների 15.7 տոկոսը: Իսկ առավելագույն 18-20 միավոր է ստացել 4.5 տոկոսը: Ուշագրավ է, որ 20 միավոր որևէ դիմորդ չի վաստակել: Իսկ առաջին փուլով աշխարհագրությունից քննություն էր հանձնել ընդամենը 30 դիմորդ: Հունվարին միջին միավորը համեմատաբար բարձր էր՝ 14.06: Այն ժամանակ դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 6.7 տոկոսը, իսկ բարձրագույն միավորներ է վաստակել 20 տոկոսը:

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Սադոյանը Usanogh.am-ի հետ զրույցում շեշտում է, որ նման պատկերը պայմանավորված է նախ և առաջ Հայաստանում հատկապես  բնագիտական առարկաների գծով ուսուցիչների դեֆիցիտով: Նրա խոսքով` կա նաև օբյեկտիվ պատճառ` բնագիտական առարկաներն իրենց բնույթով բարդ են, օրինակ` հնարավոր չէ լավ տիրապետել քիմիային առանց մաթեմատիկա իմանալու:

«Բնագիտական բլոկի գիտությունների նկատմամբ պետական հատուկ հոգածություն է պետք: Դրանք ցանկացած երկրի համար ռազմավարական հատուկ նշանակություն ունեն: Կարծում եմ` որոշակիորեն պետք է հեշտացնել նաև ընդունելությունը բնագիտական ուղղություններով ֆակուլտետներում. գուցե մեկ առարկայով ընդունելություն կազմակերպենք, կամ թեստի փոխարեն նախապատվությունը տանք բանավոր հարցազրույցին: Այդպիսով կարող ենք ոլորտը ուշքի բերել, հետո աստիճանաբար ընդունելությունը նորից դժվարացնել»,-ասում է տիկին Սադոյանը:

Այն, որ «Աշխարհագրություն» առարկայի գծով չնչին թվով դիմորդներ ունենք, և երկրորդ փուլում էլ որևէ մեկը 20 միավոր չի վաստակել, Ռուզաննա Սադոյանին չի զարմացնում. «Նախորդ տարի երբ երկրորդ քննությունը մտցրեցին, մենք անցողիկի շեմը հաղթահարած որևէ դիմորդ չունեցանք, աշխարհագրության բաժնում առաջին կուրս այդպես էլ չձևավորվեց»-ասում է նա:

Ինչ վերաբերում է «Կենսաբանությանը», հունիսին այս առարկայից քննություն է հանձնել 1152 դիմորդ, միջին միավորն է 11.75, դրական միավորի շեմը չի հաղթահարել 24.7 տոկոսը, իսկ 18-20 միավոր ստացել է 11.7 տոկոսը: 20 միավոր ստացել է ընդամենը 1 դիմորդ:

Իսկ առաջին փուլում այս առարկայից քննություն է հանձնել 865 դիմորդ, միջին միավորն ավելի բարձր է եղել՝ 13.11: Անբավարարների տոկոսը կազմել է 14.3, իսկ բարձր գնահատականներինը՝ 21 տոկոս:

Ռուզաննա Սադոյանը լիահույս է, որ բնագիտական առարկաների գծով այս պատկերն առաջիկա տարիներին կփոխվի դեպի լավը. «Մեր համալսարանի օրինակով կարող եմ ասել` փորձում ենք հետաքրքիր ծրագրեր, ոգևորիչ միջոցառումներ իրականացնել: Դասախոսներն, օրինակ, բնագիտական առարկաների գծով կոնսուլտացիաներ են անում, դպրոցների հետ ենք կապն ամրապնդում»,-նշում է նա:

Ինչ վերաբերում է «Քիմիային», հունիսին այս առարկայի քննությանը մասնակցել է 1124 դիմորդ, միջին միավորը եղել է 11.48, անբավարար է ստացել դիմորդների 26.7 տոկոսը, 18-20 միավոր՝ 14.2 տոկոսը, 20 միավոր է վաստակել ընդամենը 7 դիմորդ:

Առաջին փուլում քիմիայից քննություն է հանձնել ավելի քիչ թվով` 718 դիմորդ, միջին միավորը եղել է 10.06, անբավարարները կազմել են 37 տոկոս, բարձր գնահատականները՝ 7.4:

Ռուզաննա Սադոյանը շեշտում է` պետությունն անում է որոշակի քայլեր` բնագիտական ուղղությունները ներկայացնող առարկաների նկատմամբ դիմորդների շրջանում հետաքրքրություն առաջացնելու ուղղությամբ. «Օրինակ կա նախագիծ, ըստ որի պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով 2023-2024 թվականին ընդունված ուսանողների կրթաթոշակները կավելացվեն շուրջ 14 անգամ՝ 70-77 հազար դրամ: Որոշ բաներ արվում են, բայց այդ քայլերը դեռևս բավարար չեն»,-եզրափակում է դեկանը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ