Ավելի լուրջԳլխավորԽոսք

Մենք սիրում ենք-մենք չենք սիրում

Մենք սիրում ենք տեղի-անտեղի դժգոհել, խորհուրդներ տալ, նեղսրտել, «մուննաթ» գալ, բոլորի գործերին խառնվել, բոլորին մեղադրել։

Մենք չենք սիրում դժգոհություններ ու խորհուրդներ լսել, նեղսրտած մարդկանց հասկանալ փորձել, «մուննաթի տակ մնալ», մեր գործերի մասին տեղեկացնել, եւ դե իհարկե՝ մեղադրվել։

Մենք սիրում ենք քննադատել, մեզ ամենից վեր ու ամենագետ համարել, աշխատելու կոչ անել, բայց ինքներս չաշխատել, ու մեր ուշքը գնում է բամբասելու եւ չարախոսելու համար։

Մենք չենք սիրում քննադատվել, ուրիշ մեկին մեզ հավասար ու մեզ պես խելացի համարել, աշխատելու կոչը գործի վերածել, եւ զզվում ենք մեզանից բամբասողներից։

Մենք սիրում ենք համերաշխության կոչեր անել ու միաժամանակ քարկոծել այլ կարծիք ունեցողներին, եկեղեցի գնալ ու վերադառնալուն պես՝ ֆեյսբուքներում մի քանիսին մի քանի տող հայհոյել-«նախշել»,  հասարակական ցանկացած վայրում էլ զգալ ինչպես մեր տանը եւ պահել մեզ ոնց մե’զ է հարմար՝ թքած ունենալով շրջապատի մարդկանց անդորրի ու հարմարավետության վրա։

Մենք չենք սիրում մեզնից դուրս որեւէ մեկի հետ միավորվել հանուն ինչ որ բանի, բայց ընդդեմ՝ խնդրեմ, չենք սիրում քարկոծվել հատկապես մեր նետած քարերով, եկեղեցուց դուրս գալ ու հայհոյանքների շարան ստանալ ֆեյսբուքներում կամ իրական կյանքում, հասարակական վայրում էլ մեզ պես մեկ այլ նմուշի ներկայությունը հանդուրժել, ով թքած ունի մնացածի կարծիքի ու հարմարավետության վրա։

Մենք սիրում ենք մորն ու բանակը սուրբ համարել ու ուտուշ-խմուշի ժամանակ առաջին կենացները նրանց մասին ու համար խմել, հայրենիքը հեռուներից սիրել, հայերենի գեղեցկության մասին ժարգոնով արտահայտվել, մեզ ամենահին ու կիրթ ազգը նշանակել, ավանդապաշտ դիտվել, մեր սխալն ուրիշի ճշտից ճիշտ դասել։

Մենք չենք սիրում մոր խրատները լսել ու բանակի մասին հոգ տանել ու առավել եւս՝ այդ մասին դիտողություն ստանալ, զուտ հայերեն խոսել, հայրենիք կոչվածի մեր շրջակա տարածքը գոնե չաղտոտել, մեր անկրթության մասին լսել ու հատկապես էն ազգերից, որ «երբ մենք … նրանք դեռ ծառերին», վայրենությունն ու գռեհկությունը ավանդապաշության հետ չխառնել, ուրիշի ճիշտը ինչ-որ չափ ու ինչ-որ կերպ ընդունելի համարել։

Մենք սիրում ենք դատարկախոսել, խոսել, խոսել…

Ու մենք չենք սիրում լսել, առավել եւս՝ մտածել։

ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Comment here