ԳլխավորՄի կտոր գիրք

Հովհաննես Թումանյան. «Ի՞նչ ես կատաղել անմեղ արարքից, միամիտ ամբոխ, ես ի՞նչ արեցի»

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյանի (19.02.1869-23.03.1923) ծննդյան օրվա առթիվ ներկայացնում ենք նրա բանաստեղծություններից։

***

Երանություն էր խոստացել հույսս ինձ,
Բայց ես չըգտա նրան կյանքի մեջ,
Եվ քաջալերված պատիր խոստմունքից,
Կյանքի դեմ իզուր վարեցի ես վեճ։

Կարծում էի, թե մարդիկ անհամբեր
Ուրախությամբ ինձ սպասում էին,
Եվ ամեն քայլում խղճմտանք ու սեր
Մարդոց սրտերը միշտ հուզում էին։

Կարճատև՜ ցնորք, որ անցար արագ,
Ինչպես մի քամի, առավել չընչին,
Եվ ահա ընկած իբրև մի նավակ,
Որ կամեր լողալ ավազի միջին։

Դուն անցար, այո՛, դարձյալ աշխարհը
Կառավարվում է յուր օրենքներով,
Եվ դիմակ առած մեծ բարերարը
Մարդիկ է սպանում գաղտնի զենքերով։

Մահացու ախտով վարակվածն ահա
Անարատության հագած վերարկու,
Եվ խավարասեր ամբոխը նրա
Զազիր գործերին կանգնած խնկարկու.

Եվ հազարավոր անմեղ հոգիներ
Հալածված են չար կրքերից անսանձ,
Եվ, ի նախատինս բանականության,
Արդար է միայն զորեղը մարդկանց։

Ահա գետնաքարշ և չարախնդում
Խումբերըն անսիրտ մարդ-հրեշների
Վխտում են անվախ՝ հրապարակներում,
Իբրև առաջնորդ մարդոց մտքերի։

Ահա, խնդության ձայներ են թնդում
Իբրև արձագանք չարության խոսքի,
Ի՞նչ են կամենում, էլ ի՞նչ են խնդրում
Պատուհասները մարդկային ազգի։

— Ի՞նչ եք կամենում դուք, մարդիկ ստոր.
Մա՞հը, կործանո՞ւմն արժանավորի.
Եվ այդ բոլորը միայն մի կտոր
Հացի համար, սակայն, ո՞վ գիտի,

Գուցե խավարը ձեզ տվեց պաշտոն
Բանականության բռնավորների,
Եվ դուք, անմիտներ, ամբողջ մարդկություն,
Ձեզ հավիտենական կարծում եք գերի։

Խղճե՜ր, նայեցե՛ք, ահա ձեր դիմաց,
Առանց նայելու ձեր կտոր հացին,
Բանականության զավակը կանգնած,
Սպասում է նա մոտ լուսաբացին։

Երանություն էր խոստացել հույսս ինձ,
Սակայն չըգտա նրան կյանքի մեջ.
Բայց չեմ վհատել. անսպառ մեկ իղձ
Դեռ ինձ մղում է դեպ հառաջ անվերջ։

Հառա՜ջ, կռվելով, և կըգա մի օր,
Որ կընկնի ներկան վատշվեր, դաժան,
Նրա ավերի վերա փառավոր
Ապագան լուսո կըկանգնի նշան։

***

Ի՞նչ ես կատաղել անմեղ արարքից,
Միամիտ ամբոխ, ես ի՞նչ արեցի.
Ուզում ես անհետ քշել աշխարհքից,
Որ ես իմ պարտքը միայն կատարեցի։

Արժանավորի առաջ խոնարհած
Ես պատարագ եմ մատուցանում,
Եվ չար նախանձից ահա կուրացած
Դուն ինձ քարկոծել ես ցանկանում։

Հապա քո աստվածը որտե՞ղ է բնակվում,
Այնտե՞ղ արդյոք, ուր դուն էլ չըգիտես,
Նա՞ է, որ միայն սարսափ է զարկում,
Այդպիսի աստված ո՞վ քարոզեց քեզ։

Միամիտ ամբոխ, մոլորված ես դուն,
Ես անգիտությամբ կուռք չըպաշտեցի.
Ես այն մարդու մեջ տեսա աստըծուն,
Ահա թե ինչու երկրպագեցի։

***

Նըստած եմ տըխուր, մենակ մի ժայռի,
Կանչում եմ հուշերն անցած օրերի,
Փընտրում եմ նըրա պատկերը կարոտ
Իմ մըտքո՜ւմ… ինձ մո՜տ…

Եվ ահա զըվարթ ծիծաղը հընչում…
Ցոլում են աչքերն… ըզգեստը շըրշում…
Լըսվում են արագ քայլերը ծանոթ…
Իմ շո՜ւրջը… ինձ մո՜տ…

Բայց, ա՜խ, միմիայն չի գալիս կըրկին
Իմ էն լիասիրտ հըրճվանքը նախկին…
Ու նըստած եմ ես ժայռին նորից նոր
Տըխո՜ւր, գըլխակոր։

***

Ժամանակն անվերջ, տիեզերքն անհուն,
Ու նրանց միջում հավիտյան սիրուն.
Կյանքը հարաշարժ հոսանք է վարար…
Նորանոր ուժեր ճնշում են իրար,
Ելնում են թափով,
Իջնում տագնապով
Ու կենդան, կայտառ,
Միշտ նոր ձևի մեջ,
Անդուլ, անդադար
Հոսում են անվերջ…

Էն լայն հոսանքի, մեծ աղմուկի տակ
Հավիտյան անշարժ, համր ու անգիտակ,
Անտարբեր էն տաք, եռուն պայքարին,
Անցնող օրերին, ապրող աշխարհին՝

Հզորն ու տկար
Ընդմիշտ հավասար,
Անխտիր հալվում
Մեծ հանգըստի մեջ,
Հալվում են, ձուլվում
Հանգչում են անվերջ…

***

Է՜հ, ո՞վ գիտի, մենք ապիկար՝
Ժամանակի խաղալիք,
Ու անհայտ են միշտ մեզ համար
Օրն ու սերը մեր գալիք։

Մեկ էլ տեսար, քո սիրելին
Ընկավ օտար ու հեռու,
Պատահեցիր ուրիշ մեկին
Ու ժպտացիք իրարու։

Բայց չի տևում այդ էլ երկար՝
Նոր օր, նոր մարդ, նոր ալիք,
Ու ծփում ենք մենք անդադար,
Ժամանակի խաղալիք…

Դժոխքի հանդեպ

Հո՜ւշ. հասավ օրը՝ վերջի՜ն, ահավո՜ր։
Սըրով ու հըրով բացվում էն էսօր
Հայոց դըժոխքի դըռներն ամրափակ.
Սարսափի պիտի աշխարհքը համակ,
Եվ մարդն ամաչի գիլից ու շանից,
Որ մարդ է ծընվել՝ մարդու նըմանից։

Ո՜ւհ, ինչքա՜ն մութն է գարշահոտ ու պաղ…
Ինչքան ոսկորնե՜ր, կըմախքնե՜ր անթաղ…
Էլ ի՞նչ կա հեռվում… հեռվի խավարում…
Ով է իմանում… ում աչքն է զորում…
Մեջտեղը մենակ, ժեռուտ բարձունքին,
Կանգնած է մայրը հողմերի տակին.

Որդու արյունը իր ձեռքն են տըվել.
— Խըմիր սուլթանի կենացը դու էլ…
Եվ նա, որ մարդ էր ու մայր էր երեկ,
Այժըմ, էն ժայռին կանգնած կիսամերկ,
Անուժ ու ապուշ խելագար է մի,
Բաժակը ձեռքին, որ պիտի խըմի…

Կանգնած է մենակ, և լոկ մոլեգին
Հողմերն են ոռնում, ու նըրանք չորս դին…
Բայց՝ հո՜ւշ. լռությո՜ւն… մըթին, ահավոր
Երկինք են նայում կըմախքները չոր,
Ու իրենց կարկամ շըրթունքները բաց՝
Խո՜սք են ասելու աշխարհքի դիմաց,
Խոսք, որ չի լըսված դեռևս լուսնի տակ…

Սարսափի պիտի աշխարհ բովանդակ
Եվ մարդն ամաչի գիլից ու շանից
Որ մարդ է ծընվել մարդու նըմանից։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews