ԳլխավորԼուր

Անկախության հռչակագրի հռչակման խորհրդանիշը. Արամ Մանուկյանը հանրաքվեի քվեաթերթիկով էր եկել ուսանողների հետ հանդիպմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայ-Ռուսական համալսարանի այգում արդեն մի քանի տարի է` սեպտեմբերի 21-ը նույն կերպ է սկսվում՝ Անկախության տոնի առթիվ բաց քննարկում-դասախոսությամբ։ Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո, սակայն, քննարկումներ են եղել՝ այս տարի միջոցառումն իրականացնե՞լ, թե՞ չեղարակել։ Սահմանադրական իրավունքի և իրավունքի տեսության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանն ասում է՝ այս քննարկումների ժամանակ ուսանողները պահանջել են իրականացնել միջոցառումը։

«Անկախության հռչակագրի հռչակման խորհրդանիշը» խորագիրը կրող միջոցառումը սկսվեց Հայաստանի ազգային օրհներգով։ Հետո ուսանողները մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին Արցախում զոհվածների հիշատակը։

«Այս իրադարձություններից հետո երկու սկզբունք եմ առանձնացրել, որի հիման վրա դուք պետք է ձեր կյանքը կառուցեք։ Առաջին սկզբունքն այն է, որ որոշումները պետք է կայացնեք ռացիոնալության հիման վրա և երկրորդը՝ նախաձեռնողականության հիման վրա։ Ցավոք սրտի, ասյօր ռացիոնալ կոմպոնենտը զիջում է զգայական կոմպոնենտին։ Որոշումները կայացնում ենք էմոցիոնալ, հետո պոստ ֆակտում նայում ենք դրանց, ասում ենք՝ ինչ ճիշտ էին այն մարդիկ, ովքեր ավելի ռացիոնալ էին մտածում»,- ասաց Արթուր Ղամբարյանը։

Միջոցառման հյուրերից մեկը պետական գործիչ Արամ Մանուկյանն էր։

«Պարոն Մանուկյանը մոտավոր Ձեր տարիքին էր, երբ իր ձեռքը վերցրեց անկախության հռչակագիրը, հետո այն փոխանցվեց մեր սերնդին․ լավ թե վատ ինչ-որ բան կարողացանք անել։ Հիմա այդ անկախության հռչակագիրը փոխանցվել է Ձեր սերնդին, և մեծ հաշվով՝ Ձեր խնդիրն է՝ որոշել՝ այդ հռչակագիրը ինչ եք անելու, ոնց եք պահելու, պահելու ե՞ք, թե՞ չեք պահելու»,- ուսանողներին դիմելով՝ ասաց Արթուր Ղամբարյանը։

Փիլիսոփայական ․գ. թ.դոցենտ, Կ. Ա. Միրումյանի անվան Քաղաքագիտության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարգսյանը խոսեց Ղարաբաղյան շարժման մասին, որը հետո վերածվեց ավելի մեծ օրակարգի ու ի վերջո՝ անկախության։

«Ղարաբաղյան շարժման կոնտեքստում մենք ծնեցինք անկախություն։ Իհարկե, այդ շրջանում նաև օբյեկտիվ գործընթացներ էին տեղի ունենում, փլուզվում էր ԽՍՀՄ-ը, բայց մեր գիտակցության մեջ անկախությունը միշտ կապվել է ղարաբաղյան շարժման հետ, ուստի այն դեպրեսիան, որը մենք ապրում ենք այս օրերին, ինչ-որ տեղ պարզ է, որովհետև Արցախի հնարավոր կորուստը ուղղակի կապվում է անկախության հնարավոր կորստի հետ։ Այդպես է, թե չէ, դա առանձին խնդիր է, որի մասին կարելի է առանձին զրույցել, բայց ոչ հիմա»,- ասաց Հովհաննես Սարգսյանը։

Անկախությունը, Սարգսյանի համոզմամբ, զուտ դեկլարացիա չէ, գործընթաց է որը ենթադրում է պետականաշինություն, պետական ինստիտուտների անընդհատ զարգացում, նորմատիվ դաշտի անընդհատ զարգացում։

Արամ Մանուկյանը, ով 1990-ին ընթերցել է Անկախության հռչակագրի տեքստը, այսօր անկախության հանրաքվեի քվեաթերթիկով էր եկել հանդիպմանը։

«Սա մեր երկրի անձնագրի ստեղծման հիմքն է։ Ինձ հաճախ հարցնում են՝ էս ո՞նց է քո ձեռքին, որովհետև քվեաթերիկն իրավունք չուներ դուրս գալ տեղամասից։ Պատասխանն այնքան լավն է ու այնքան կոգևորի ձեզ։ Դրանք անսահմանափակ դրված էին տեղամասում։ Սրա վրա չկա ո՛չ մի պաշտպանիչ շերտ, ո՛չ մի ստորագրություն ու կնիք։ Չկար կեղծելու ցանկություն։ Ոչ մի մարդ չէր թողնի, որ իր կինը, պապը, հարևանն իր փոխարեն գնար, քվեարկեր․ դա պատվի հարց էր: Եթե ես գնում եմ իմ երկիրն անկախացնելու, ինչո՞ւ պետք է իմ հարևան Վարդուhուն, Գրիգորին կամ Մանուկին ասեմ՝ գնա, իմ տեղը քվեարկի։ Պատվի հարց էր․ յուրաքանչյուր մարդու մեջ Աստված էր խոսում։ Զոված տղերքն էին խոսում, որ դու պիտի գնաս ու երկիրն անկախացնես»,- ասաց Արամ Մանուկյանը։

Անկախության հռչակագիրն ընթերցած պետական գործիչը հանդիպման վերջում քվեաթերիկը «մեծ դժվարությամբ», բայց նվիրեց միջոցառման ամենափոքր մասնակցին։