Արցախյան պատերազմ-2020Գլխավոր

Հիմա էլ կմտնենք ու կկռվենք հանուն Արցախի. 44-օրյայի մասնակից Նարեկ Պողոսյան

Նարեկ Պողոսյան

3 տարի առաջ այս օրվա առավոտը Նարեկի համար տագնապով սկսվեց: Մատաղիսը ռմբակոծվում էր, իսկ ինքն ընկերների հետ ռումբերի պայթյունների տակ բարձրանում էր դիրքեր: Արդեն զգում էր` ինչ է սպասվում։

Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի սկզբի երրորդ տարին: Usanogh.am-ն այդ առթիվ զրուցել է 44-օրյա պատերազմի մասնակից, սերժանտ Նարեկ Պողոսյանի հետ: Նա 23 տարեկան է, ծնունդով Մարտունու շրջանի Ճարտար գյուղից (այժմ` քաղաք): Սովորում է Երևանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ԱՏՍՏԿ ֆակուլտետում: 3 տարեկանից Արցախում չի ապրել, սակայն ամեն ամառ այցելել է հարազատներին: 44-օրյա պատերազմի ժամանակ զբաղեցրել է զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի ԴԶՀՀ ջոկի հրամանատարի պաշտոնը: Նարեկը շարքից հանել է հակառակորդի ԱԹՍ` «կամիկաձե» տեսակի, նաև նրա շնորհիվ վերականգնվել է հրամանատարական դիտակետը:

Մարտական գործողություններ իրականացնելիս, երբ գումարտակի շտաբի պետը վիրավորում է ստացել, նրան օգնության է հասել Նարեկը և տեղափոխել անվտանգ տարածք: Արդեն հոկտեմբերի 1-ին Նարեկը վիրավորվել է մարտական խնդիր կատարելիս. վիրավորումը ստացել է ականանետի արկի պայթյունից աջ ուսահոդի շրջանում: Բայց նույնիսկ վիրավոր վիճակով իր հետ սողեսող հրետակոծության տակից դուրս է բերել նույնպես ծանր վիրավորում ստացած ջոկի հրամանատարին, որի կյանքը, ցավոք, փրկել չի ստացվել:

-Նարե´կ, կամավոր կերպով մասնակցել ես նաև 2022-ի սեպտեմբերյան մարտերին: Կասե՞ս` ինչ ասոցիացիաներ ունես 44-օրյա պատերազմի, սեպտեմբերյան մարտերի և Արցախում մեր հայրենակիցների մղած այս վերջին մարտերի հետ կապված:

-Դրանք երեք տարբեր տրամադրվածություններ են: Գնալով թուլացանք: 44-օրյային այնպիսի մարտեր ենք ունեցել, որոնք, իսկապես, կարելի էր մարտեր անվանել, իսկ հետո արդեն թշնամին սկսեց ավելի ու ավելի հեշտորեն վերցնել մեր հողերը: Ես հիմա ամոթով եմ նայում Արցախից տարհանված բարեկամներիս աչքերին, ամաչում եմ, որ թուրքից վախենալով՝ լքել են իրենց հայրենիքը, իրենց հողը… Բոլորովին այլ` անհամեմատ բարձր որակ ուներ 44-օրյայի հրամանատարական անձնակազմը, որի կեսից ավելին, ցավոք, մարտերի ժամանակ զոհվեց:

Նարեկ Պողոսյան

-Բայց մի բան չի փոխվել, չէ` հայ զինվորը…

-Այո։ Իհարկե, ցավալի է, որ այդքան պայքարեցինք, այդքան ընկերներ կորցրեցինք, իսկ վերջում այսպես եղավ։ Համենայն դեպս, այդ ամենն իզուր չի եղել: Մենք պարտավոր ենք եղել մեր պապերի պահած հողերը պաշտպանել: Ուղղակի մեզ դրեցին այնպիսի հանգամանքների մեջ, որ էլ ճար չունեինք մարտնչելու, թե չէ հաստատ մենք էլի կկռվեինք, մենք մեր ընկերների շիրիմները թողնող չէինք: Հենց այս վերջին օրերին էլ մենք մեր տղերքով, անգամ`վիրավոր ընկերներով, պատրաստ կանգնած էինք մեր հայրենիքի համար: Պարզապես գիտեք` շրջափակում էր, մեր պետությունն էլ ոչինչ չկազմակերպեց, որպեսզի մտնեինք Արցախ: Եթե մարդիկ մտածում են, որ Արցախի համար մարտնչող չկար, չարաչար սխալվում են: Շատ պատրաստակամ մարդիկ կային և կան, որոնք հիմա էլ կմտնեն ու կկռվեն հանուն Արցախի ու հանուն իրենց ընկերների վրեժի: Մի քիչ կազդուրվենք, ամեն բան անելու ենք, որ մեր հողերը հետ բերենք:

-Ո՞ր դեպքում է դա հնարավոր:

-Մեր երկրին այնպիսի ղեկավար է պետք, որն իսկապես հզոր կլինի` թե´ դիվանագիտական, թե´ռազմական ոլորտներում: Ով էլ նստի Հայաստանի ղեկավար, պետք է հասկանա` Արցախը սուրբ հող է: Հասարակության մոտեցումն էլ պետք է փոխվի: Չպետք է այնպես լինի, որ գան մեր զինվորին սպանեն, դիրքերը վերցնեն, 1-2 օր խոսվի այդ մասին, հետո մոռացվի: Կոնկրետ մենք չենք մոռանում: Հասարակության համար զինվորի կորուստը դարձել է սովորական մի լուր, ու դա շատ վատ է:

Նարեկ Պողոսյան-44-օրյա պատերազմը շատ կորուստ բերեց։ Ամենադժվարը, երևի, ողջ մնացածների համար էր։ Բայց ինչ-որ լուսավոր հիշողություններ էլ ունեք, չէ՞:

-Հա,կա մի պատմություն, որ հենց հավաքվում ենք` հիշում ենք: Մի օր մեզ վրա հարձակում եղավ, պետք է նահանջեինք: «Ռացիաս» խնդիր ուներ, նահանջի հրամանը չէի լսել: Մեկ էլ տեսնեմ` շուրջս մարդ չկա: Կապ տվեցի, ասում եմ` այ ախպեր, ու՞ր եք: Ինձ թվում էր` բլինդաժում են, թաքնվել են, որ հարձակում գործեն: Մեկ էլ շտաբի պետիս ձայնն եմ լսում, ասում է` ո՞նց, դու մեզ հետ չե՞ս, ա´յ ախպեր…Հետո իհարկե, իջա (ծիծաղում է): Անուշադրությանս պատճառով քիչ էր մնում` զոհ գնայի։ Ի դեպ, դա ֆիկտիվ նահանջ էր, հետո մենք վերցրեցինք այդ դիրքերը:

-Ամենաշատն ի՞նչը քեզ դրդեց, որ սեպտեմբերյան մարտերին էլ կամավորագրվես։

-Չէի կարող չգնալ: Տնեցիք, իհարկե, դեմ էին, բայց ինձ առաջ տանող տղերքի վրեժն էր: Արցախի ամեն կտորը արյունով վերցված հող է: Մենք, չեմ ասում` մեռնելու ենք, մենք ապրելու ենք այդ հողի համար: Այդպես է պետք մտածել: Ու հետո` հանկարծ բաժանումներ չանեք`ղարաբաղցի, լեննականցի… Բոլորս հայ ենք ու պետք է ապրենք ու շենացնենք մեր երկիրը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղում սկսվել է ադրբեջանական զորքերի հարձակումն ավիացիայի, զրահատեխնիկայի, հրետանու, հարվածային ԱԹՍ-ների լայնածավալ կիրառմամբ:

Ռազմական գործողությունները տևել են 44 օր։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմում հայկական կողմից զոհվել է 3822 զինծառայող և 75 քաղաքացիական անձ։ Անհետ կորած է համարվում 201 մարդ։

2020 թվականի նոյեմբերի 9–ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին հայտարարություն:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ