ԳլխավորՓորձադաշտ

Հասմիկ Կարապետյան. «Հոգեթերապիա» (կրոնահոգեբանական թրիլեր)

Հոգեթերապիա

Ներկայացնում ենք Հասմիկ Կարապետյանի նոր ստեղծագործությունը։

ՄԱՍ I. Կուսակրոնի արյունոտ մատները

Հիշում եմ՝  կանգնած էի եկեղեցու դիմաց, նայում էի եկեղեցու գմբեթի ցցված խաչին։ Ընդամենը 10 տարեկան էի։ Աչքերս սառել էին խաչի վրա, իսկ շրթունքներս ինքնաբերաբար դողում էին նրա ահռելի տեսքից։ Հանկարծակի սկսեց սառը օդ փչել, կարծես ինչ-որ մեկը այն փչեր ուղիղ ինձ վրա՝ ոտքիս մատներից մինչև ճակատս, իսկ հետո անձրևեց։ Բայց նույնիսկ անձրևը չշարժեց ինձ տեղից։ Ես միևնույն է` չռած աչքերով նայում էի ցցուն ահռելի խաչին, և աչքերս ակամայից թրջվում էին, չէ՜, անձրևի կաթիլները չէին թրջել, այլ հույզերս։

Հետո հիշում եմ մորս ու հորս ձայները, նրանք կանչում էին ինձ, բայց ես միայն մի ձայն էի լսում՝ խաչի ու անձրևի կաթիլների։ Երկու հոգի թևերիցս բռնեցին ու տարան ինձ տուն։

-Հետաքրքիր է, թե ինչո՞ւ էիր այդպես կանգնել ու նայում եկեղեցուն,- հայրս սկսեց գլուխս սրբիչով չորացնել, իսկ ես դեռևս տպավորության տակ՝ ձայն չէի հանում;

-Ես միշտ ասել եմ՝ մեր տղան իր պապիկի նման վանական է դառնալու, — մայրս մի պահ հուզվեց (շատ էի ուզում հարցնել, թե ինչո՞ւ հուզվեց, բայց բերանս անդավաճան փակ էր մնում)։

-Գիտես՝ այնուամենայնիվ հորդ պահով ինձ մի հարց շատ է տանջում, — հայրս լրջացավ ու նստեց աթոռին։ Մի պահ նայեցի նրան ու նկատեցի շեկ գանգուրներից թափվող ջրի կաթիլները, իսկ մի քանի վայրկյան անց նրա տաբատի վերին հատվածը ջրի կաթիլներից լիովին թրջվեց;

-Ասա, սիրելիս, — մորս ձայնը մի պահ դողա՞ց, թե՞ ինձ այդպես թվաց։

-Եթե հայրդ վանական է եղել, ապա ինչպե՞ս է նա ամուսնացել։ Վանականները կուսակրոն կյանքով պիտի ապրեն, մինչդեռ հայրդ երևի այդպես չէր մտածում։

Մայրս մի պահ լռեց, հետո նստեց հորս դիմաց ու կանաչ աչքերով ուշադիր ինձ էր հետևում: Այդ հարցի պատասխանը նաև ինձ էր  տանջում, բայց լռելն ավելի գերադասելի էի համարում:

-Իմ հայրը նախքան վանական դառնալը արդեն ամուսնացած էր եղել սիրելիս, — մայրս դժվարությամբ էր արտաբերում բառերը։

-Ու ես այդ պատմությունը շատ լավ գիտեմ, ճի՞շտ է, — հայրս բավականին վատ էր տրամադրված այդ պատմությանը, բայց քիչ անց ն նայեց ինձ ու աչքերն ինձնից չհեռացնելով՝ ավելացրեց։ — Դու կարող ես մեր տղային էլ պատմելն այդ պատմությունը։

Հետաքրքրությունից այրվում էի՝ իմանալու ամուսնացած «վանական» պապիս պատմությունը, բայց մայրս հանգցրեց հետաքրքրությանս կայծը՝ մի նախադասությամբ։

-Կմեծանա, ու ես օրերից մի օր կպատմեմ։

-Ես հիմա եմ ուզում իմանալ, — վերջապես խոսեցի ու թունոտ նայեցի աչքերի մեջ։

-Ես քեզ խնդրել էի, որ նմանատիպ խոսակցություններ երեխայի մոտ չանես, — մայրս արագ վեր կացավ և գնաց ննջասենյակ՝ այդպիսով արտահայտելով իր դժգոհությունը: Հայրս գլուխը կախեց և րոպեներ անց գնաց նրա ետևից։

Խոհանոցից դուրս եկա և մտքերով տարված՝ չգիտես ինչպես քայլեցի անտառի կողմը, որը մեր տնից այդքան էլ հեռու չէր։ Հետևելով թիթեռնիկի ծաղկից-ծաղիկ անհոգ թռիչքին` մտածում էի  պապիս հետ կապված մութ պատմության մասին, որը մայրս խոստացավ ինձ պատմել՝ երբ կմեծանամ։ Չհասցրեցի մարսել բնությունն ու թիթեռնիկներին, երբ նկատեցի հորս, որը իմ անունն էր տալիս։

-Տարածքում եմ, հայրիկ, — բղավեցի, երբ հասկացա , որ նա սովորականից ավելի բարձր է բղավում անունս։

Քիչ անց հեռվից նշմարվեց հորս սպիտակ վերնաշապիկը, իսկ հետո նրա այլայլված դեմքը;

-Քեզ ասել էինք, որ շատ հեռու չգնաս, — նա բռնեց ձեռքիցս, որ ինձ տուն տաներ, բայց ընդվզեցի և սկսեցի լաց լինել;

-Ինչի՞ ես լաց լինում, — խոնարհվեց դիմացս՝ նայելով աչքերիս մեջ։

-Ես ուզում եմ իմանալ պապի գաղտնիքը, — ինքս էլ չէի հասկանում լացիս իրական պատճառը։

-Ես քեզ կպատմեմ, բայց պիտի խոստանաս, որ լաց չես լինելու այլևս և մայրիկիդ էլ չես ասելու։

-Ես գլխով արեցի և թևքով մաքրեցի արցունքներս։

Հայրս ինձ տարավ գետակի մոտ։ Նստեցինք ափին, երբ հասկացանք որ ամպերի գոռոցները հուշում են մոտալուտ անձրևի մասին։ Նայեցի հորս։ Նրա բաց շագանակագույն աչքերը նայում էին հեռուն և ինչ-որ բան էին փնտրում, հետո ծանր հոգոց հանեց և փակեց աչքերը՝ կարծես պատմելու համար հատուկ ծիսակարգ իրականացներ։

-Քո պապին շատ բարի ու լավ մարդ էր։ Նա անմիջական էր, բայց միաժամանակ սովորականից բարդ ու ազատ մտածողություն ուներ։ Նա միակն էր իր շրջապատում, որ համարձակվեց կուսակրոն չլինելով հանդերձ, որովհետև տատիկդ արդեն հղի էր մայրիկովդ, դառնալ վանական ու եկեղեցում ծառայել։ Գիտեմ՝ հիմա ինքդ քո մեջ կհարցնես, թե ինչպես պատահեց, որ վանականները ամուսնացած մեկին վանական դարձրեցին և դա եկեղեցուն դեմ քայլ չհամարեցին։ Պապիդ խիզախ գտնվեց և խոսեց այն մասին, որ ցանկացած ոք կարող է վանական դառնալ, եթե մաքուր է հոգով։

-Իսկ գաղտնի՞քը, հայրիկ, ո՞րն էր այդ պատմության գաղտնիքը։

Հայրս չհասցրեց արտաբերել մի բառ, երբ ուժեղ անձրև տեղաց; Նա արագորեն ինձ իր շալակն առավ ու վազեց տուն։ Երբ տուն մտանք, նկատեցի մորս գլուխը ննջասենյակի բաց դռնից, որը անօգնական դրված էր բարձին. քնել էր։

-Այդ մասին տանը չենք խոսում, — շշնջաց հայրս և ժեստով հասկացրեց, որ մենք գաղտնիք ունեք։ Ես գլխով արեցի և սեղանից վերցնելով խնձորը՝ շտապեցի սենյակ:

ՄԱՍ II. Հիվանդասենյակ 7

-Լսիր՝ ես ո՛չ ցանկություն ունեմ մեկ ժամից ավել այստեղ մնալու, ո՛չ էլ առավել ևս այդ մեկ ժամը ավել անցնկացնելու էս ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԻ հետ, որը ժամ ավել է ինչ չի քնում ու տարօրինակ բաներ է անում։ Արի ու  հերթափոխդ լրացրու, — երիտասարդ հերթապահը մեծ պատառ արեց խնձորից և քաղաքային հեռախոսի խոսափողը բարկացած դնելով նայեց ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԻՆ, որը կծկվել էր մի անկյունում, խորը շունչ քաշեց և մոտեցավ նրան։ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԸ սկսեց դողալ, բայց հերթապահը հանգստացրեց նրան և խոնարհվեց նրա դիմաց։

-Գոնե մի բառ ասա, — սկզբում Հերթապահը հանգիստ էր տոնայնության մեջ, սակայն հետո սկսեց ագրեսիվ տոնով պահանջել նրանից, որ մի բառ խոսի։

— Ինչի՞ ես պիտի քո պատճառով ավել ժամ մնամ էստեղ, — Հերթապահը բարձր բղավում էր ու թվում էր, թե մի բառ ավել գոռալուց կարող է հարվածել։

Այդ ընթացքում ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԸ լուռ էր։ Երբ հերթապահը սկսեց ոտքերով հարվածել նրան, նա շշնջաց․

-Քո հարցերը անպայման կլուծեն։

ՀԵՐԹԱՊԱՀԸ չլսեց այս շշնջոցւը, ագրեսիվորեն շարունակում էր ոտքերով հարվածներ հասցնել՝ արդեն գիտակցությունը կորցրած ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԻՆ։

-Էս ի՜նչ ես անում, հո՜ չես գժվել, — անվանգության աշխատողները բռնեցին ՀԵՐԹԱՊԱՀԻ ձեռքերից և նրան հեռացրին հիվանդասենյակից, — գոնե գիտե՞ս, որ քեզ կդատեն նման բռնության համար։

-Ես գնում եմ տուն ու ինձ չի հետաքրքրում՝ էդ հոգեկանին նայող կա , թե չէ։

-Եթե չես ուզում ինձ հետ խնդիրներ ունենալ, ուրեմն կսպասես, մինչև հերթափոխող կոլեգադ կժամանի, — անվտանգության աշխատակցի մարզված մարմինն ու սպառնացող՝ միաժամանակ հանգիստ տոնայնությունը ստիպեցին ՀԵՐԹԱՊԱՀԻՆ կատարել հրամանն ու սպասել «հերթափոխող կոլեգային»։

-Իսկ հիմա, եթե չես ուզում խնդիրներ ունենալ ու նման ծեծ չուտել նաև իմ կողմից, մտնում ես հիվանդասենյակ ու կարգի ես բերում հիվանդին, պառկեցնում ես, մինչև ռադդ կքաշես էստեղից, լսեցի՞ր, — ՀԵՐԹԱՊԱՀԻՆ թվում էր՝ հիմա անվտանգության աշխատակցի ծանր ձեռքը կհայտնվի նրա այտին ու ի պատասխան՝ փնչացնելով, շտապեց հիվանդասենյակ։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԻՆ ինչպես ՀԵՐԹԱՊԱՀԸ թողել էր, այդպես էլ մնացել էր գետնին, սակայն հիմա նա առավել ճնշված ու վախեցած տեսք ուներ։ ՀԵՐԹԱՊԱՀԸ մոտեցավ նրան ու մի պահ նկատեց նրա աչքերը, որոնք մե՛կ կարմրում էին, մե՛կ սովորական գույնին էին վերադառնում։ ՀԵՐԹԱՊԱՀԸ փորձեց բարձրացնել հիվանդին, երբ լսեց բջջայինի ձայնը։

-Փոքրի՜կս ես մի քիչ կուշանամ, — ՀԵՐԹԱՊԱՀԻ ձայնը փափուկ ու կեղծ էր հնչում։ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԸ նայում էր ՀԵՐԹԱՊԱՀԻ դեմքին, կարծես լսելով բջջայինից հնչող «փոքրիկի» ձայնը։  — ․․․․․Հա՜ էն հիմարը էլի մի ժամով ուշանալու է, կսպասեմ կգա ու կժամանեմ թռչնա՜կիս մոտ։

Հանկարծ ՀԵՐԹԱՊԱՀԸ սկսեց շշուկով խոսել։

-Իմ սիրած ներքնազգեստն ես, չէ, հագել, փոքրիկս, — ՀԵՐԹԱՊԱՀԸ թեքվեց անկյան կողմը, կարծես թաքցնելով հիվանդից էմոցիաները։

Այդ ժամանակ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԸ վեր կացավ տեղից  ու կանգնեց ՀԵՐԹԱՊԱՀԻ ետևում; ՀԵՐԹԱՊԱՀԸ չէր նկատել նրան ու երջանկացած մանրամասնում էր «փոքրիկի» հետ ՝ թե ինչե՜ր են անելու, երբ վերադառնա տուն։

Երբ խոսակցությունն ավարտեց ու շրջվեց՝ նկատեց, որ հիվանդը իր նույն դիրքով, գլուխը կախ, նստած է պատի տակ։

-Արի ես քեզ պառկեցնեմ, որ այլևս դեմքդ չտեսնեմ, -ՀԵՐԹԱՊԱՀԸ բռնեց ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԻ թևերից և փորձեց բարձրացնել նրան։  Սակայն կարծես ինչ-որ մեկը սկսեց կառավարել հիվանդին. նա արագ շրջվեց ՀԵՐԹԱՊԱՀԻ կողմը։ Աչքերը կարմրեցին ու նա խոսեց։ Ձայնի մեջ մեկի այլ ձայն  կար։ Ու այդ երկրորդ ձայնը, որը ավելի սարսափելի էր, քան քիչ առաջ տեղի ունեցող բռնությունը, խոսեց ՀԵՐԹԱՊԱՀԻ հետ։

-Քեզ վատ ես պահում, շա՜տ վատ ես պահում։ Իսկ փոքր ժամանակ մայրիկդ քեզ սովորեցրել է, չէ, որ երբ վատ արարք ես գործում պիտի կա՛մ ներողություն խնդրես, կա՛մ թաթիկներիդ խփեմ։ Ի՞նչ կասես, — ՀԵՐԹԱՊԱՀԸ վախեցած թուքը կուլ տվեց և փորձեց փախչել, բայց հիվանդասենյակի դուռը ինչ-որ ուժ փակեց, և ՀԵՐԹԱՊԱՀԸ սկսեց օգնություն խնդրել։

-Փաստորեն ընտրում ես՝ թաթիկներին հարվածելը։ Դե ինչ, սկսենք հարվածել թաթիկներիդ։

ՀԵՐԹԱՊԱՀԻ մատները սկսվեցին հերթով կոտրվել, այնուհետև ուսից ձեռքը անջատվելով դուրս պրծավ մարմնից; ՀԵՐԹԱՊԱՀԸ ցավից կորցրեց գիտակցությունը, իսկ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԸ մի քանի րոպե նայելով ՀԵՐԹԱՊԱՀԻՆ սկսեց դողալ, չհավատալով, որ հենց նոր տեղի ունեցածը կատարվեց այլ ուժի կողմից, որը նրա մեջ էր և որը կառավարում էր իրեն։ Դողալով ընկավ գետնին, ու կարծես նրա մարմնից ինչ- որ մի բան անջատվեց ու ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԸ այդպես էլ մնաց գետնին պառկած։

ՄԱՍ III. Սպիտակ սենյակը

-Ինչպե՞ս կբացատրես ՀԵՐԹԱՊԱՀԻ մատները հերթով ջարդվելու իրողությունն ու մահը, — ՀՈԳԵԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ դիմաց նստած էր 33 – ամյա ՇԻԿԱՀԵՐ ՀՈԳԵԲԱՆԸ, որից նա աչք չէր կտրում, անգամ երբեմն ՇԻԿԱՀԵՐ ՀՈԳԵԲԱՆԸ իրեն վատ զգալով ուղղում էր ակնոցները, որոնք բացարձակապես դրա կարիքը չէին զգում։

Նրանք նստած էին սեանսների համար նախատեսված սպիտակ սենյակում, որի գույնն ու պատուհանի բացակայությունը ավելի շատ էին ճնշում, քան ՇԻԿԱՀԵՐ ՀՈԳԵԲԱՆԻ հարցերը։

-Ես շատ հանգիստ եմ խոսում քեզ հետ և չեմ ուզում, որպեսզի լարվես։ Թուլացիր և փորձիր պատասխանել իմ հարցերին։

-Դու շատ նման ես իմ մայրիկին, — ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԸ առաջին անգամ խոսեց ՇԻԿԱՀԵՐ ՀՈԳԵԲԱՆԻ հետ։ Վերջինս իրեն հաղթանակած զգալով հարմար տեղավորվեց աթոռին և ավելի համակ ուշադրությամբ սկսեց լսել ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ, քան մի քանի րոպե առաջ։

-Դու առաջին անգամ խոսեցիր ինձ հետ։ Ինչ քեզ բերել են այստեղ, դու ոչ մի բառ չես արտաբերել։ Կարո՞ղ ես շարունակել։ Ինչո՞ւ ես ինձ նմանացնում քո մայրիկին։

-Նա շեկ մազեր ուներ, ինչպես դու, և կանաչ աչքեր։

-Նա ո՞ղջ է։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԸ լռեց մի քանի րոպե, ապա խորը հոգոց հանելով բացասական շարժեց։

-Իսկ հա՞յրդ։ Հաջորդեց նույն պատասխանը։

-Դու նրանց միակ երեխա՞ն էիր։

-Այո։ Բայց այդ գաղտնի՜քը… Ա՜յդ գաղտնիքը սպանեց ընտանիքիս, — ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԻ զգացմունքները սկսեցին լարվել, և երբ, ԱՆՎԱՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ  տեսավ այդ, փորձեց մոտենալ, բայց ՇԻԿԱՀԵՐ ՀՈԳԵԲԱՆԸ ձեռքով կանգնեցրեց նրան։ Վերջինս քաշվեց իր տեղը։

-Ի՞նչ գաղտնիք։

-Սպանե՜ց նրանց․․․ ամեն մեկին երկու մասի բաժանեց, հետո արյունով լվացվեց ու…

-Արյունով լվացվե՞ց… Ո՞վ լվացվեց։

-Նա…

-Նա ո՞վ։

Հետևեց երկար դադար, կարծես ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԸ փորձում էր մանրակրկիտ հիշել այդ սարսափելի տեսարանների հաջորդականությունը, սակայն նա վեր թռավ տեղից, երբ հանկարծակի զանգեց ՇԻԿԱՀԵՐ ՀՈԳԵԲԱՆԻ բջջայինը;

-Ինչպե՞ս թե․․․- ՇԻԿԱՀԵՐ ՀՈԳԵԲԱՆԸ նայեց սենյակում գտնվող միակ երկար հայելուն, որի հակառակ կողմում կանգնած էին բժիշկներն ու ոստիկանությունը։ ՇԻԿԱՀԵՐ ՀՈԳԵԲԱՆԸ մի պահ լռեց, կարծես բջջայինից ինչ-որ ձայն նախատեր և հրամայեր նրան նմանատիպ հարցեր չտալ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԻՆ։

-Բայց դա իմ աշխատանքն է, ես պետք է իմանամ ՝ թե․․․, — բջջայինից այն կողմ ձայնի հրամայական ու բարկացած տոնը լռեցրեց ՇԻԿԱՀԵՐ ՀՈԳԵԲԱՆԻՆ և վերջինս անջատելով բջջայինը նայեց ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԻՆ։

-Կներես, մեր սեանսը կհետաձգվի մինչև մյուս շաբաթ, — ՇԻԿԱՀԵՐ ՀՈԳԵԲԱՆԸ բարձրացավ տեղից՝ ձեռքի տակ տեղավորելով փաստաթղթերը և նոթատետրը, սակայն երբ քայլեց նրա կողքով , որպեսզի մոտենար դռանը ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԸ կամաց՝ լսելի լինելու միայն ՇԻԿԱՀԵՐ ՀՈԳԵԲԱՆԻ համար շշնջաց․

-Նրանք քեզ կարգելեն ինձ հետ երկար խոսել։ Բայց այդ գաղտնիքը թաքնված է իմ մեջ ու այն ինձ հանգիստ չի տալիս։ Ես առողջ եմ հոգեպես։ Եթե չես հավատում, ես կարող եմ ցանկացած տրամաբանական հարցի պատասխանել։ ԵՍ ԱՌՈՂՋ ԵՄ, գրողը տա՜նի, — նա սկսեց բարձր բղավել կրկնելով՝ «ԵՍ ԱՌՈՂՋ ԵՄ»։

Հիվանդասենյակ ներխուժեցին անվտանգության աշխատակիցները և դուրս հանեցին ՇԻԿԱՀԵՐ ՀՈԳԵԲԱՆԻՆ։

ՄԱՍ IV. Վանականի սուրբ խրախճանքը

-Ես գիտեմ, որ այս ամենը լավ ավարտ չի ունենալու, բայց հիշիր, ես միշտ քեզ հետ եմ լինելու, անգամ, եթե ստիպված լինեն ինձ ողջ-ողջ թաղել, լսո՞ւմ ես, — 40-ամյա ՍԵՎ ՄՈՐՈՒՔԱՎՈՐԸ գրկեց կնոջը, համբուրեց նորածնի ճակատն ու գլխին գցելով վեղարը ու կապելով փիլոնը՝ դուրս եկավ տնից; Դրսում մութ էր, և սառը օդը մի պահ հարվածեց ՍԵՎ ՄՈՐՈՒՔԱՎՈՐԻ դեմքին՝ վերջինս փակեց աչքերն ու խորը շունչ քաշեց՝ ներսթողնելով սառը օդը մարմնի մեջ։ ՍԵՎ ՄՈՐՈՒՔԱՎՈՐԸ շուրջը նայելով՝ շտապեց անտառի կողմը, այնուհետև սկսեց վազել։ Վազքի ամեն հարվածը մտքում մի հիշողություն էր․ամուսնություն,  վանական ոչ կուսակրոն, երեխա,  օծում, խաբեություն, իսկ հետո բացահայտում ու հետապնդում․․․ՍԵՎ ՄՈՐՈՒՔԱՎՈՐԸ հիմա գտնվում էր հետապնդման մեջ՝ գյուղացիների կողմից, որոնք արնախում մտքերով փնտրում էին իրենց օծած, խաբեությամբ վանական դարձած , ոչ կուսակրոն ու աշխարհիկ «վանականին», փնտրում էին որ  «ողջ- ողջ այրեին», ինչպես պնդում էր  բարկացած գյուղացիներից մեկը։

Վանականը վազում էր ու մտածում, որ Աստծուն մոտ գյուղացին, ինչպես համենայն դեպս պնդում էին բոլոր գյուղացիները, ինչպես կարող է մտածել ու առավել ևս իրագործել այրման սատանայական պրոցեսը, չէ՞ որ Աստված բարության ուսմունք է, դեմ է բռնությանն ու պատժին։ Չհասցրեց հասնել գետին , երբ գյուղացիներից մեկը , ում քրտնած դեմքը լուսավորում էր ձեռքում բռնած ջահը, սատանայական ժպտաց և բարձր բղավեց․

-Սատանան էստե՜ղ է, խաբե՜բա աշխարհիկը էստեղ է, — քիչ անց գյուղացիների մեծամասնությունը հավաքվեցին ՍԵՎ ՄՈՐՈՒՔԱՎՈՐԻ դիմաց և փորձեցին մոտենալ նրան, որ բռնեն և այրեն, սակայն ՍԵՎ ՄՈՐՈՒՔԱՎՈՐԸ պարտված ծնկի գալով ասաց․

-Ես այսօր համոզվեցի, որ մարդիկ հավատքի գաղափարն առավել են դասում, քան դրա իրագործումը։ Ես չեմ տեսնում ձեր բարությունը, չեմ տեսնում ձեր այն աչքերը , որոնք եկեղեցում հառված էին Հիսուսի պատկերին, չեմ լսում ձեր մեղայական ձայնը, որը հնչում էր խոստովանասենյակից; Դուք ավելի չար եք քան ես ու ես․․․, — ՍԵՎ ՄՈՐՈՒՔԱՎՈՐԸ բարձրացավ տեղից ու բարձր բղավեց, — ԱՆԻԾՈՒՄ ԵՄ ՁԵԶ․․․ԲՈԼՈՐԻԴ ՝ ՀԱՏ-ՀԱՏ;

ՍԵՎ ՄՈՐՈՒՔԱՎՈՐԸ չհասցրեց ավարտել խոսքը , երբ նրան պարուրեց ջահի կրակը, որի մեջ գոյացած յուղը վայրկենապես թեժացրեց կրակն ու սկսեց այրել ՍԵՎ ՄՈՐՈՒՔԱՎՈՐԻ մարմինը։ Բոլորի բերանները բաց էին ու բոլորը հիացած էին նայում այդ տեսարանին, բոլորը հաղթանակած աչքերով էին նայում հավատացյալ վանականին, ով անիծեց նրանց; Ու ոչ ոք չգիտեր, որ մի քանի ամիս հետո պատերազմ է սկսվելու իրենց գյուղում ու բոլորն են կոտորվելու։

ՀՈԳԵԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ վեր թռավ անկողնուց ու նայեց ձեռքերին։ Մի՞թե այդ ձեռքերը ունակ էին սպանելու հարազատ ծնողներին, մի՞թե իր տատիկին հաջողվեց փրկվել այդ պատերազմում և հետո ծնվեց նա։ Իսկ անտեսանելի ուժը, որը սպանեց ՀԵՐԹԱՊԱՀԻ՞Ն։

-Ես կպաշտպանեմ քեզ , — շշնջաց նրա մեջ ՍԵՎ ՄՈՐՈՒՔԱՎՈՐԻ ձայնը։

Քիչ հետո ՀՈԳԵԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ այցելեց ՇԻԿԱՀԵՐ ՀՈԳԵԲԱՆԸ։ Նա նստեց ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԻ կողքին և շրթունքները մոտեցնելով ականջին շշնջաց․

-Ես կպաշտպանեմ քեզ․․․

ՎԵՐՋ