Այսօր Թատրոնի և կինոյի անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Համազգային թատրոնի» հիմնադիր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է, նա կդառնար 94 տարեկան: Այդ առթիվ Usanogh.am-ը զրուցել է նրա մորաքրոջ դստեր` Սիլվա Մարտիրոսյանի հետ, ով կիսվել է եղբոր մասին հիշողություններով: Նրանց մանկությունն անցել է Վարպետի ծննդավայրում` Ստեփանավան քաղաքում, նաև` Սիլվայի հարազատ գյուղում` Լոռի բերդում:
Իր ծննդյան օրը նշում էր համեստ
Սոսը սիրում էր ծննդյան օրն անցկացնել ամենամտերիմ մարդկանց նեղ շրջապատում, ցանկալի էր` Լոռիում` իր գյուղական միջավայրում: Նա ճոխություն, հատուկ ուշադրություն, բեմից հնչող շնորհավորանքներ, ճոռոմ խոսքեր ու գովաբանություններ` ուղղված իր հասցեին, չէր սիրում: Դեմ էր ամեն ձևական բանի:
Պանիրը` կճուճի մեջ, խորովածը` աթարի վրա
Սիրում էր իր ձեռքերով խորոված անել, կարտոֆիլ խորովել, ընդ որում, ոչ թե փայտի, այլ աթարի վրա: Սիրում էր զգալ մոխիրի հոտը: Մայրս հատ-հատ հողից հանում, ջոկում էր կարտոֆիլը, լվանում, պատրաստում` իմանալով, որ Սոսն այսինչ օրը պետք է գա Ստեփանավան: Սիրում էր չեչիլ պանիրը, առհասարակ, տնական պանիր էր սիրում` իր Աղունիկ մորաքրոջ ձեռքով պատրաստված, կճուճների մեջ դրած: Ձեռքը գցում էր պանրաջրի մեջ, պանիրը հանում, կարտոֆիլի հետ ուտում:
Ճանապարհ դեպի Երևան…
Մայրս Սոսին Երևան ճանապարհելիս նախօրոք կապում էր իրերը, հետն անպաման ռեժան էր դնում, կաթնամթերքի այս տեսակի հետ մեքենան որևէ կերպ չէր շփվում, մայրս գդալով էր այն հավաքում` կտոր-կտոր:
Սիրում էր հողի հետ գործ անել
Հումորը նրանից անպակաս էր, խոսում էր Լոռվա գյուղական բարբառով, անմիջական էր: Կթվորները, իմանալով, որ Սոսը Ստեփանավանում է, ամենայուղոտ կաթը երեկոյան բերում էին նրան հյուրասիրում: Շատ էր սիրում հողի հետ գործ անել: Ինձ ասում էր. «Ազի´զ, էս կարմիր բազուկը, որ դրել ես հողի մեջ, սխալ ես դրել, պետք է տակից մի քիչ կտրես, որ մեծանա, թե չէ գլուխ չի տա»: Գյուղատնտեսությունից ամեն ինչ գիտեր:
«Ա´յ մարդ, էս ի՜նչ բանա էս Լոռին…»
Լոռի բերդ գյուղի մեր տան տակով հոսում էր Ձորագետը, նայում, ասում էր. «Ա´յ մարդ, էս ի՜նչ բանա էս Լոռին, կախարդական ա, չես կարըմ պոկվես»: Ջուրը շատ էր սիրում: Գետից տղաները կարմրախայտ էին բռնում, բերում-տալիս էին Սոսին, նա կրակի վրա խորովում էր ու հյուրասիրում:
Ժամերով խոսում էր գյուղացիների հետ
Մեծերի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ուներ: Շատ ուշադիր էր գյուղացիների նկատմամբ, կանչում, ժամերով հարցուփորձ էր անում, նրանցով հիանում էր:
Մանկուց գիտեր, որ դերասան է դառնալու
Սոսը մանկուց գիտեր, որ ինքը դերասան է դառնալու: 15 տարեկանից խաղում էր Ստեփանավանի թատրոնում, բավական լավ անուն էր հանել: Հետո Երևանից հրավեր ստացավ: Սոսի հայրն էլ էր արվեստ սիրող մարդ, ու գիտեր, որ Սոսը պետք է դերասան դառնար: Ի դեպ, արտաքինից նա բավական նման էր հորը: Եթե Սոսը դերասան չդառնար, կարող էր լավ գրականագետ, թատերագետ, գրող լինել: Դե, գրքեր, այսպես թե այնպես, ունի, գիտեք:
Թատրոն`տանը, երեխաների հետ
Սոսը տանը իսկական թատրոն էր խաղում երեխաների հետ, երեխեքից մեկին ասում էր. «Դու Գիքորն ես, գնա, էնտեղ պախկվի»: Հենց մտնում էր բակ, այդտեղից իր թատրոնը սկսում էր: Իսկ երբ իսկապես գնում էինք թատրոն, Սոսին բեմի վրա տեսնելու, փորձում էինք աննկատ մնալ: Ներկայացման ավարտին նոր մոտենում էինք նրան: Սոսը կյանքում խաղալ չէր սիրում, չէր կեղծում:
Ազգի, հայրենիքի ցավը նրան հանգիստ չէր տալիս
Այն տարիներին Սոսին մտահոգում էր այն, որ ժողովրդից գողացողներ, թալանչիներ չլինեին: Հաճախ էր այդ թեմաներով խոսում: Առհասարակ, ժողովրդի դարդ ու ցավով ապրող մարդ էր, համարում էր, որ չի կարող անհատապես երջանիկ լինել, եթե կա ընդհանուր խնդիր:
Ներքին մի տխրություն ուներ…
Չէի ասի, թե Սոսը երջանիկ մարդ էր: Հաճախ գալիս էր գյուղ ու առանձնանում, նկատում էինք, որ տխուր է, մաման ասում էր` իրեն հանգիստ թողեք: Ձորի վերևում մի խաչքար կար, այդտեղ նստում էր ու նայում էր գետին, ոչ մեկս իրավունք չուներ իր անդորրը խանգարելու: Կարող էր ժամերով նստել ու մտքերի հետևից ընկնել: Ոչ մեկս էլ մինչև վերջ չիմացանք` ինչ մտքեր էին նրան ացելում, այդ ինչն էր, որ նրան հանգիստ չէր տալիս: Ամեն դեպքում, մենք երջանիկ մարդիկ էինք, որ ճանաչում էինք ոչ միայն Սոս արտիստին, այլև Սոս մարդուն: Երկուսն էլ մեծ էին:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ