ԳլխավորԼուր

Հացադուլ հայտարարած տղաները երիտասարդներին հրավիրում են Ազատության հրապարակ

Ազատության հրապարակում արդեն 2–րդ օրը հացադուլ անող տղաները` Արթուր Ավագյանն ու Նվեր Կիրակոսյանը, որոնք նաև 44-օրյա պատերազմի մասնակիցներ են, կոչ են անում Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտահոգ քաղաքացիներին գալ Ազատության հրապարակ` հանրային քննարկման։

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց տղաներից մեկը` Նվեր Կիրակոսյանը։

«Կոչ ենք անում բոլոր համալսարանականներին, դասախոսներին, մանկավարժներին, ծառայակից ընկերներին, IT համայնքի ներկայացուցիչներին, արվեստի գործիչներին, մտավորականներին, ինչպես նաև նրանց, ովքեր հանդիսանում են անկախության սերնդի արժեհամակարգի կրողը, այսօր ժամը 19։30-21։00 հրավիրում ենք Ազատության հրապարակում «Անկախության սերնդի հանձնառությունը ստեղծված իրավիճակում» թեմայով հանրային քննարկման»,– նշեց Նվերը։

«Մեր հացադուլն անժամկետ է և շարունակվելու է այնքան, քանի դեռ կա անհոգություն, ապատիա և անտարբերություն, քանի դեռ հայ հասարակությունը չի գիտակցի իրավիճակի ողջ լրջությունը և հստակ գործողություններ չի ձեռնարկի»,– ասաց Նվերը։