ԳլխավորԽճանկար

Ես ինձ դեռ ուսանող եմ համարում. Ռուզան Հովասափյան

Բանաստեղծ Ռուզան Հովասափյան

Usanogh.am բլից-հարցազրույցը բանաստեղծ Ռուզան Հովասափյանի հետ

—  Կարո՞ղ են երբեւէ մուսաները լռեցնել թնդանոթներին։

— Եթե մուսան առնվազն միջուկային զենքի հզորություն ունենա, ապա կարող է։

— Ձեր ամենաչսիրելի գրական ստեղծագործությունը։

-Դեռևս չունեմ այդպիսին։

— Ո՞ր նկարչի կտավները կարող եք անվերջ դիտել։

-Արշիլ Գորկու « Նկարիչը և նրա մայրը»։

— Մարդուն մի քիչ ավելի մարդ դարձնելու համար ի°նչ է պետք կամ կարելի է անել։

— Ինչ էլ անենք, այդ «մի քիչ» — ին հասնելու համար հազարամյակներ են հարկավոր։ Մենք չենք տեսնի։

—  Ձեր ստեղծագործություններն ակնհայտ աչքի են ընկնում նվազագույն բառերով առավելագույն հույզեր արտահայտելով։ Առօրյայո՞ւմ էլ եք գնահատում  քչախոսությունը։

— Իմ առօրյայում գրեթե բառեր չկան, ես այնտեղ առանց բառերի եմ իմ հույզերն արտահայտում։

— Ո՞ր ճաշատեսակն եք հաճույքով պատրաստում ու ո՞րն է ամենալավը ձեզ մոտ ստացվում։

— Երեխաներս ինչ սիրում են։ Իսկ ամենալավը ստացվում է, երբ թավայի կողքին թուղթ ու գրիչ է, ու մոռանում եմ ճաշի մասին… Տղաս այդ ճաշը մուսայով ճաշ է անվանում, ամենահամեղը, կապ չունի անալի է, թե աղի։

— Ասում են՝ երբ շատ ես սիրում՝ պետք է սիրելի մարդուն բաց թողնել։ Իսկ եթե չենք ուզո՞ւմ։

— Ես հենց բաց թողնելով եմ իմ սիրելի մարդուն կողքս պահում։

—  Կնոջ լռությո՞ւնն է վտանգավոր, թե՞ շատախոսությունը։

— Միայն այն դեպքում է վտանգավոր, երբ լռողն է շատախոսում, կամ` հակառակը, շատախոսն է լռում։

— Ինքն իր հետ կռվելիս ո՞ւմ կողմը բռնել՝ խղճի՞, սրտի՞, թե՞ մտքի։

— Եթե բանը հասել է ինքդ քեզ հետ կռվելուն, ուրեմն` սրտի։

— Ինչո°վ է տարբերվում ու ինչո°վ է նման այսօրվա ուսանողը Ձեր ուսանողական տարիների ուսանողից։

— Չեմ կարող պատասխանել, ես ինձ դեռ ուսանող եմ համարում։

— Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողին՝ մեկ բառով։

— Խաղաղություն, էլ ի°նչ։