ԳլխավորԽճանկար

Շատ մեծ հնարավորությունների երկիր է. Էմմա Ղազարյանը սովորում է Քուվեյթում

Էմմա Ղազարյան

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ուսանող Էմմա Ղազարյանը կրթությունը շարունակում է Քուվեյթում: Usanogh.am-ի հետ ունեցած զրույցում Էմման պատմել է մասնագիտության ընտրության, ԵՊՀ-ի ընձեռած հնարավորությունների և արտասահմանում ստացած կրթության, հանդիպած դժվարությունների և դրանց հաղթահարման մասին:

-Ինչո՞վ էր պայմանավորված մասնագիտության ընտրությունը։

-Մասնագիտության ընտրությունը պայմանավորված էր Արևելքի և հատկապես արաբական աշխարհի հանդեպ իմ ունեցած մեծ հետաքրքրությամբ: Ըստ իս, այն բոլորին գրավում է իր հարուստ մշակույթով և պատմությամբ։

-Ինչպե՞ս առաջացավ արտասահմանում սովորելու միտքը և ի՞նչ ծրագրով հայտնվեցիք Քուվեյթում։

-Արաբագիտության բաժինը, որտեղ ես ուսանում եմ, կրթական տարբեր ծրագրերով համագործակցում է Քուվեյթի, Հորդանանի և Եգիպտոսի համալսարանների լեզուների կենտրոնների հետ։ Ես միշտ ցանկացել եմ արտասահմանում կրթություն ստանալ, և այս բաժինն ընտրելու գլխավոր պատճառներից մեկն էլ հենց դա է եղել։ Ստացվեց այնպես, որ դիմեցի հենց Քուվեյթում ուսանելու ծրագրին, բարեհաջող հաղթահարեցի հարցազրույցի փուլը և այժմ Քուվեյթում եմ։

-Ի՞նչ է անհրաժեշտ Քուվեյթում կրթությունը շարունակելու համար։

-Անհրաժեշտ է լինել արաբագիտության բաժնի ուսանող, ունենալ բարձր առաջադիմություն և ՄՈԳ։ Քանի որ տեղերը սահմանափակ են, ընտրում են միայն ամենաբարձր ցուցանիշներ ունեցող ուսանողներին։

-Որքա՞ն ժամանակով է կրթական ծրագիրը։

-Կրթական ծրագրի տևողությունը մեկ ուսումնական տարի է։Կրթությունը Քուվեյթում

-Նոր քաղաքում որտե՞ղ և ի՞նչ պայմաններում եք բնակություն հաստատել։

-Այստեղ բնակվում ենք ուսանողական հանրակացարանում։

-Նոր ընկերներ ձեռք բերե՞լ եք, հե՞շտ է նրանց հետ շփվելը:

-Քուվեյթ գալուս հենց առաջին օրվանից ձեռք եմ բերել նոր ընկերներ և վստահաբար կարող եմ ասել, որ նրանց հետ շփումն ինձ մոտ շատ հեշտ ստացվեց։ Հետաքրքիր և ինձ համար ամենահաճելի ձեռքբերումներից մեկն այն է, որ ունեմ տարբեր մտածելակերպով, մշակույթով և միմյանցից շատ տարբեր սովորույթներ ունեցող ընկերներ: Նրանք օգնում են ինձ նոր աշխարհներ բացահայտել։

-Ո՞րն է եղել ամենամեծ դժվարությունը, որին հանդիպել եք նոր երկրում։

-Ամենամեծ դժվարությունը կամ դժվարություններից մեկը երևի թե եղել է Հայաստանից միանգամայն տարբերվող մշակույթին, նամազի ձայնին և տեղի սննդին հարմարվելը:

-Ի՞նչ տարբերություններ կան Հայաստանի և Քուվեյթի կրթական համակարգերի միջև, և ո՞րն է, ըստ Ձեզ, առավել հասանելի և արդյունավետ ուսանողների համար։

-Առաջին խոշոր տարբերությունն այն է, որ դասերն այստեղ ամբողջությամբ արաբերենով են անցնում, և դասավանդողները լեզվակիրներ են։ Սրանք արաբական երկրում ուսանելու ամենադրական կողմերից և առավելություններից են։

-Նոր երկիր, նոր մշակույթ և ընդունված արժեհամակարգեր: Ինչպե՞ս հարմարվեցիք և ինտեգրվեցիք նոր միջավայրին։

-Ինչպես արդեն նշեցի, նոր մշակույթին և արժեհամակարգերին հարմարվելն ամենամեծ դժվարություններից է եղել։ Սակայն ընդամենը մի փոքր ժամանակ, ջանք և ցանկություն է անհրաժեշտ, նույնիսկ այդ դժվարին թվացող խնդիրը լուծելու համար։

-Կցանկանայի՞ք մշտական բնակություն հաստատել Քուվեյթում և ինչու՞։

-Չէի ցանկանա մշտական բնակություն հաստատել, սակայն կցանկանայի մի փոքր ավելի երկար այնտեղ ապրել, քանի որ Քուվեյթը շատ մեծ հնարավորությունների երկիր է, և օգտվելով այդ հնարավորություններից՝ կարող եմ հեշտությամբ հաջողությունների հասնել և կայանալ։ Ինչպես նաև մի փոքր ավելի երկար ժամանակը կարող է օգնել լեզվին լիարժեք եւ գերազանց տիրապետելուն։

-Նպատակ ունե՞ք Քուվեյթից հետո շարունակելու կրթությունը և, եթե այո, ապա որտ՞եղ։

-Քուվեյթից հետո դեռ մեկ տարի պետք է սովորեմ բակալավրիատում, իսկ հետո պլաններ ունեմ ուսումս շարունակելու մագիստրատուրայում, բայց թե որտե՞ղ և ի՞նչ ուղղությամբ, դեռ չեմ որոշել։

-Ի՞նչ խորհուրդ կտաք ուսումը արտասահմանում շարունակել ցանկացողներին։

-Խորհուրդ կտամ երբեք չհրաժարվել այդ ցանկությունից և ամենափոքր հնարավորության դեպքում իսկ վերապատրաստվել արտասահմանում։ Այն փորձը, որը կարելի է ձեռք բերել արտասահմանում սովորելիս, անփոխարինելի է և մի շարք նոր դռներ բացելու երաշխիք կարող է դառնալ։ Անհրաժեշտ է լինել համարձակ, նպատակասլաց և աշխատասեր: Չպետք է վախենալ դժվարություններից և շատ հաստատուն քայլերով գնալ սեփական երազանքների հետևից։ Ամեն բան կարող է իրականություն դառնալ, եթե հավատաք ձեզ, ձեր ուժերին և կարողություններին, և, իհարկե, մշտապես ունենալ ավելին սովորելու ցանկություն:

ԳՈՀԱՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ,
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս