ԳլխավորԼուր

Ադրբեջաներեն, թուրքերեն սովորելը ժամանակի կորուստ է, երբ կան նոր տեխնոլոգիաներ․ Արտակ Հովսեփյան

Կիբերնետիկա, արհեստական ինտելեկտ

Usanogh.amհայտնել էր, որ Հայաստանի 12 դպրոցներում 2022-2023 ուսումնական տարում դասավանդվել է թուրքերեն, իսկ 4-ում՝ ադրբեջաներեն։

Ծրագրավորող, «Ազգային արագացման հանրային նախաձեռնության» նախագահ Արտակ Հովսեփյանը Usanogh.am-ի հետ զրույցում  տեսակետ է հայտնում՝ այսօր տեխնոլոգիաները մարդկանց այնպիսի հնարավորություններ են տալիս, որ պարտադիր չէ մասսայաբար սովորել մեզ համար սպեցիֆիկ համարվող լեզուները․ «Հիմա սովորողները այդ լեզուները յուրացնելու վրա հսկայական ժամանակ են կորցնում, որի արդյունքը կունենանք տասնյակ տարիներ անց միայն, և դեռ պարզ չէ ՝ ցանկալի արդյունք կգրանցենք, թե ոչ։ Հայաստանում, ասենք, ադրբեջաներեն լավ իմացողները կարող են 10-20 հոգի լինել, և դա նորմալ է»։

Արտակ Հովսեփյանի խոսքով՝ իրենց նախաձեռնությունը հիմա մեծ թափ է հավաքում և մշակում է տարբեր լեզուներ կիրառելու նոր գործիքներ․ «Օրինակ՝ ունենք խոսքի ճանաչման գործիք, որը բանավոր խոսքը վերածում է տեքստի, կա դրա հակառակ գործիքը, որի միջոցով տեքստին տալիս ենք ձայնավորում, և, իհարկե, ունենք մեքենայական թարգմանություն։ Առաջիկա ամիսներին, հուսամ, հնարավոր կլինի տեղադրել այդ գործիքները սմարթֆոններում և կիրառել (ֆիզիկական անձանց համար՝ անվճար, իրավաբանական անձանց համար՝ վճարովի)»։

Նրա խոսքով՝ տեխնոլոգիաների դարում «Քանի լեզու գիտես՝ այնքան մարդ ես» ասացվածքը դառնում է հարաբերական, փոխարենը պետք է տիրապետել այդ տեխնոլոգիաներին․ «Իհարկե, խոսքս, ասենք՝ անգլերենի, ռուսերենի մասին չէ, բայց մեզ համար սպեցիֆիկ լեզուների յուրացումը տարիներ է տևելու։ Իսկ դպրոցում դրանց ուսուցման կարիքն ընդհանրապես չեմ տեսնում»։

Նշենք, որ ադրբեջաներեն և թուրքերեն սովորում են բացառապես 10-12-րդ դասարանների աշակերտները: Հաղորդվում է նաև, որ 2022-2023 ուսումնական տարում տարածաշրջանային լեզուների ուսուցում է կազմակերպվել 33 հանրակրթական ուսումնական հաստատություններում, որոնցից 13-ում սկսել են սովորել պարսկերեն, 3-ում՝ վրացերեն, 12-ում՝ թուրքերեն և 4-ում՝ ադրբեջաներեն: Իսկ «Մխիթար Հերացի» կրթահամալիրի միջին և ավագ դպրոցներում ուսումնասիրել են բոլոր չորս լեզուները:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ