ԳլխավորՓորձադաշտ

Մի անգամ սրճարանում

Քաղաքային սրճարանների նեղլիկ ու դասավորված սեղաններն ամեն ինչ գիտեն… Ջահելները դրանց վրա փլվում են ծիծաղից, երբ ուրբաթ երեկո է և դիմացը լավագույն ընկերներն են…  Պատանիները մատներով պոկում են դրանց մաշված կողափայտերը, ուժ են հավաքում, որ առաջին անգամ սեր խոստովանեն… Դրանց շուրջ կանայք ոտքը ոտքին գցած ընկնում են աթոռների մեջ, մի փոքր հեռու սեղանից, որ բերանից մոխրաման գնացող ձեռքի շարժումը ու ծխի հետագիծը առավել տպավորիչ լինեն… Միայնակ տղամարդիկ երկու արմունկով հենվում են սեղաններին ու մտքերի մեջ ընկած՝ իրենց դառը սուրճն են խմում. նրանք այն հազվադեպներից են, որ իրենց գլուխը պահել գիտեն ու գիտեն, թե ինչու են սիրում դառը, սև սուրճը…

Սեղաններին դրված գինիների թնդությունից ընկերները տարաձայնվում ու ուղղություններ են փոխում, հետո տարիները միամիտ հանդիպացնում է նրանց, ու հենց այդ նույն սեղանի շուրջ սկսում են շատախոսել՝ ասես ոչինչ չէր էլ եղել…

Դրանց փայտե երեսի տակ մատներն են կրքից ջարդում սիրահարները, հետո դուռը շրխկալով փակում ու գնում են, իսկ չստացված հարաբերությունների զոհերը մնում են նստած, իրար կրծոտում են հայացքով. մեղադրանքով պարուրված կիրքը ատելության գույնն ունի։

Կողքի նույնատիպ սեղանի շուրջ խնամված տանտիկիններն են, աչքերով շանթում են կողքի կչկչան աղջիկների վրա, ասես իրենք էլ նույնը չեն եղել մինչ տիկին դառնալը…

Մյուս սեղանին ընկերներով նստել են «զիլ» դեմքերը. դասակարգում են աղջիկներին՝ ըստ սիրունության, ըստ մարմնի մասերի մեծության, ըստ մազերի երկարության, ըստ բոյի, բայց ոչ երբեք ըստ ինչ-որ կարևոր բանի… Մյուս կողմում աղջիկներ են. կեսը ջահել են ու հենց այնպես՝ ձեռքի հետ, կողքի էն դասակարգիչ տղերքին են սիրահարվել՝ մեկի հայացքին, մեկի ձայնին, մեկի ժպիտին, մեկի կեցվածքին, մտածում են ախր առանց նրանց կինն ի՞նչ է որ…

Մյուս կեսն արդեն դավաճանված կանայք են, էնքան ուժեղ ու կրքոտ են, որ տոթ են ստեղծել շուրջը, նրանք քմծիծաղում են հայացքներին ի պատասխան…

Ընտանեկան լանչի սեղաններից մեկից մի փոքրիկ է պոկվել, չարություն է անում, անընդհատ պտտվում է , պտտվում, հայրը հագցնում է շորերը, որ դուրս գան, մայրը նվվում է՝ ախր հազիվ միասին տեղ էին եկել, համ էլ համեղ էր ու վճարել էին, պիտի կիսատ թողեն ու վազեն, ու ընդամենը էս կես կիլոգրամանոցի քմահաճույքների համար, որ երբ ոտք ու ձեռք առնի, երբեք իրենց էստեղ չի բերելու…

Մյուս սեղանին էլ մայրն է, փոքրիկի ձեռքը բռնած վազում է իր կյանքով մեկ, որովհետև փոքրիկը աղջիկ է, ու որովհետև իրենց մենակ թողեցին, ինքը պիտի հասցնի ցույց տալ ու պատրաստել աղջկան կյանքին…

Մյուսի շուրջ նրանք են՝ միշտ զբաղվածները, անդադար ծրագրեր են քննարկում, սրճարաններում, ժամերով, բայց մենակ քննարկում են, հետաքրքրիր է՝ որտեղի՞ց նրանց այդքան գումար սրճարաններից դուրս չգալու համար…

Կան սեղաններ, որոնց մոտ կանոնավոր ընդմիջման ու ընթրիքի համար են գալիս, այդ ընթացքում նրանց մոտենում են տարբեր մարդիկ, արագ հարցեր են լուծվում, որոշումներ են կայացվում, գուցե նրանք տեղում նստած, ծամելով խորտիկը, որոշեն տարածքում բոլորի ճակատագրերը…

Ու կան որոշ սեղաններ, որոնց շուրջ միայն հաճույքի համար գալիս-նստում են միայնակ մարդիկ, ուղղակի նստում են, նրանց բոլորը հարգում են, սա նրանց մտածելու ժամն է, խանգարել չի կարելի… Դարի բոլոր մտքերը քննարկվում են սրճարանների նեղլիկ ու դասավորված սեղանների շուրջ…

Ու մարդիկ բոլորը այս ամենը անում են անտարբեր դեմքի արտահայտությամբ, հետո վեր են կենում, անտարբեր սկսում են քայլել, ասես այդ սեղանը ոչինչ էր իրենց համար, ասես ոչինչ ոչ տվեցին, ոչ էլ առան։

ՍՎԵՏԼԱՆԱ ԱՃԵՄՅԱՆ

Comment here