ԳլխավորԼուրԿրթություն

Մեկնարկում է «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագիրը

«Quanta» ծրագրի շրջանակներում ապրիլի 3-5-ն ընկած ժամանակահատվածում կանցկացվի գիտաժողով, իսկ ապրիլի 12-ին՝ օլիմպիադա (մասնակցության հայտերի գրանցման հղումները` ստորև):

Հաշվի առնելով արդի միջազգային գիտակթրական զարգացումները՝ «Իմ քայլը» հիմնադրամը նախաձեռնել է «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում մեծամասամբ կդասավանդեն արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ հայազգի դասախոսներ: Կրթությունը նախատեսվում է կազմակերպել դասախոսությունների, գործնական աշխատանքների, սեմինարների և լաբորատոր պարապմունքների միջոցով:

Յուրաքանչյուր մագիստրոս ուսման ընթացքում կունենա իր գիտական ղեկավարը, ում հետ կիրականացնի գիտահետազոտական աշխատանք՝ նախապատրաստելով մագիստրոսական ատենախոսությունը, որը հետագայում կտպագրվի գիտական հոդվածի տեսքով:

Ծրագրի նպատակն է պատրաստել բարձրորակ մասնագետներ, որոնք կարող են զբաղվել ռազմաարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներով՝ ապահովելով պետության անվտանգությունը, ինչպես նաև իրենց գիտելիքները ներդնել մասնավոր ընկերություններում, իրականացնել գիտահետազոտական աշխատանք, հիմնել ստարտափներ, որոնք հետագայում հնարավոր կլինի վերածել հայրենական տեխնոլոգիական ընկերությունների:

Հաշվի առնելով, որ ուսումնական գործընթացում ակտիվորեն կմասնակցեն աշխարհի առաջատար գիտական կենտրոնների հայազգի գիտնականները՝ մագիստրոսները կներգրավվեն նաև համապատասխան կենտրոնների գիտական խմբերի աշխատանքներում:

Ծրագրի ավարտին ակնկալվում է քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի բնագավառում առաջատար գիտելիքներով օժտված մասնագետների առկայություն, որոնք կինտեգրվեն միջազգային գիտական համայնքում և գիտական խմբերում, պետության անվտանգային համակարգի համար կդառնան բարձրորակ մասնագետներ, ստարտափ ընկերությունների միջոցով կձևավորեն գիտատեխնոլոգիական էկոհամակարգ, դրանով իսկ Հայաստանը վերածելով տարածաշրջանային գիտակրթական կենտրոնի:

«Quanta» ծրագրի շրջանակում մագիստրատուրա ընդունվածները կունկնդրեն արտասահմանյան առաջադեմ բուհերի հայազգի գիտնականների: Ծրագրի ուսուցումը ամբողջապես կլինի անվճար, ընդունված ուսանողների ուսման վարձը կհոգա հիմնադրամը:

Ովքե՞ր կարող են դիմել ծրագրին

«Quanta» ծրագրին կարող են մասնակցել ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, ճարտարագիտության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում առնվազն բակալավրի որակավորում ստացած մասնագետները, որոնք ունեն անգլերենի շեմային մակարդակ:

Հանդիպում

Մարտի 19-ին ժամը՝ 14:00-ին «Հոլիդեյ Ինն» Երեւան-Հանրապետության Հրապարակ հյուրանոցում («Երեւան» սրահ, հասցեն՝ Ամիրյան 2) ղեկավար թիմը կներկայացնի «Quanta» ծրագիրը եւ դրան վերաբերող մանրամասները:

Գիտաժողով

Ծրագրի հավանական մասնակիցներին վերհանելու նպատակով ապրիլի 3-5-ը՝ ժամը 09:00-17:00-ն, «Հոլիդեյ Ինն» Երեւան-Հանրապետության Հրապարակ հյուրանոցում («Տարսոն» սրահ, հասցեն՝ Ամիրյան 2) կանցկացվի գիտաժողով, որտեղ ուսանողները 10 րոպեում կներկայացնեն պրեզենտացիաներ` նվիրված ատոմային եւ քվանտային ֆիզիկայի, ինֆորմատիկայի, օպտիկայի եւ էլեկտրոնիկայի բնագավառներում իրենց կատարած հետազոտությունների կամ նշված բնագավառներում արդիական հետազոտություններին նվիրված ակնարկային աշխատանքների վերաբերյալ: Լավագույն զեկույցների հեղինակները դրամական պարգեւներ կստանան (100,000 ՀՀ դրամ, 80,000 ՀՀ դրամ եւ 50,000 ՀՀ դրամ):

Օլիմպիադա

Ապրիլի 12-ին՝ ժամը 10:00-14:00-ն «Հոլիդեյ Ինն» Երեւան-Հանրապետության Հրապարակ հյուրանոցում («Արտաշատ» սրահ, հասցեն՝ Ամիրյան 2) վերոնշյալ թեմաների շրջանակներում կանցկացվի օլիմպիադա:

Լավագույն արդյունքների հեղինակները կպարգեւատրվեն դրամական պարգեւներով՝

– առաջին տեղ 100,000 ՀՀ դրամ,

– երկրորդ տեղ 80,000 ՀՀ դրամ,

– երրորդ տեղ 50,000 ՀՀ դրամ:

Գիտաժողովին մասնակցելու համար

Օլիմպիադային մասնակցելու համար