ԳլխավորԼուր

«Կեղծ լուրերի տարածումն ապակողմնորոշում է հասարակությանը». Աթանեսյան

Արթուր Աթանեսյան

Երևանի պետական համալսարանը գիտական ներքին դրամաշնորհների մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորել սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանի ղեկավարած «Կեղծ լուրերի տարածման և սպառման մեխանիզմները սոցիալական ցանցերում» գիտական թեման:

Նպատակ ունենալով բացահայտել սոցցանցերում հայաստանյան օգտատերերի կողմից կեղծ լուրերի ստեղծման, տարածման և սպառման հաղորդակցական մեխանիզմները և առանձնահատկությունները՝ գիտական խմբի ղեկավար Ա. Աթանեսյանն ասաց, որ կեղծ լուրերի հիմնախնդիրն առնչվում է տարատեսակ խմբերին՝ պետություններից մինչև տեխնոլոգիական ընկերություններ, հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու անհատներ:

Ysu.am-ի հետ զրույցում անդրադառնալով ուսումնասիրվող թեմայի արդիականությանը՝ Ա. Աթանեսյանը նշեց. «Այս խմբերից յուրաքանչյուրը կեղծ լուրերի արտադրության և սպառման գործում ունի իր ուրույն դերն ու շարժառիթները։ Դրանք չեն վերաբերում միայն լրատվամիջոցներին և նորություններ սպառող խմբերին, այլ շոշափում են ներկայիս տեղեկատվական դարաշրջանին բնորոշ շատ ավելի խորքային հասարակական գործընթացներ»:

Կեղծ լուրերը տեղեկատվական ներկա դարաշրջանին բնորոշ ամենաարդիական և միաժամանակ ամենաբարդ երևույթներից են։ Դրանք բնորոշ են զանգվածային  հաղորդակցությանը և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ՝ ստանում են նոր դրսևորումներ թե՛ ձևավորման և թե՛ տարածման մեխանիզմների տեսանկյունից։

Խոսելով կեղծ լուրերի բացասական հետևանքներից՝ Ա. Աթանեսյանն ընդգծեց. «Կեղծ լուրերի տարածումն ապակողմնորոշում է հասարակությանը, ստեղծում տեղեկատվության այլընտրանքային ուղղություններ, որոնց միջոցով հնարավոր է պառակտել հասարակությանը, հրահրել հանրային վախեր, տարածել ապազգային գաղափարներ, ստեղծել տեղեկատվական անվտանգության սպառնալիքներ»:

Այժմ գիտական խումբը մշակում և զարգացնում է սոցցանցերում կեղծ լուրերի՝ որպես վիրտուալ տեղեկատվահաղորդակցական գործընթացների բաղադրիչի հետազոտման տեսական-հայեցակարգային հիմքերն ու մոտեցումները, փորձում է բնութագրել համացանցային մեխանիզմները և հնարավորությունները սոցիալ-քաղաքական ոլորտում կեղծ լուրերի ստեղծման և տարածման առումով, տիպաբանում է սոցցանցերի հայաստանյան սպառողներին՝ ըստ հաղորդակցական վարքի առանձնահատկությունների (կեղծ լուրերի ստեղծում, տարածում, սպառում, քննարկում, հավանում, մերժում, ստուգում և այլն), գնահատում է հայաստանյան օգտատերերի շրջանում կեղծ լուրերի վերաբերյալ գիտելիքներն ու պատկերացումները, բնութագրում է  այն թեմատիկ հիմնախնդիրները և ուղղություն­ները, որոնցով հիմնականում տարածվում են կեղծ տեղեկություններ։

Ըստ գիտական խմբի ղեկավարի՝ ուսումնասիրությունների ժամանակ կիրառվելու է միջառարկայական մոտեցում կամ, այլ կերպ ասած, սոցիոլոգիայի ու հարակից գիտությունների շրջանակում մշակված հետազոտական ժամանակակից մեթոդների համախումբ։

Նշենք, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակում սոցիոլոգիայի ֆակուլտետում դասավանդել է ՌԴ Ուրալի դաշնային համալսարանի սոցիոլոգիայի և պետական կառավարման ամբիոնի պրոֆեսոր Ելենա Շուկլինան: