ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում ամփոփվել են Օքսֆորդի, Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարանների ուսանողների համար անցկացված իրանագիտության դասընթացի արդյունքները

ԵՊՀ-ում ամփոփվել են Օքսֆորդի, Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարանների ուսանողների համար անցկացված իրանագիտության դասընթացի արդյունքները

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի օտարերկրյա ուսանողները ներկայացրել են «Պարսից լեզվի և մշակույթի ուսուցման» ծրագրի շրջանակում պարսկերենով կատարած իրենց ավարտական գիտական աշխատանքները և ստացել են հավաստագրեր, հայտնում են ԵՊՀ-ից։

Օքսֆորդի, Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարանների ուսանողների համար կազմակերպված իրանագիտության 12-շաբաթյա վերապատրաստման դասընթացը մեկնարկել էր ս․թ․ սեպտեմբերի 11-ից, որի շրջանակում առաջատար բուհերի ուսանողները կատարելագործել են պարսկերենից ունեցած իրենց գիտելիքները։

Բրիտանական համալսարանների և ԵՊՀ-ի՝ 2021 թվականից մեկնարկած գործակցության շրջանակում արտերկրի ուսանողները հնարավորություն ունեն իրենց կրթությունը շարունակելու ԵՊՀ իրանագիտական դպրոցում, որն ունի միջազգային ճանաչում, ինչպես նաև արձանագրած հաջողություններ։

Ուսանողների առաջին խումբը Երևան էր ժամանել 2022 թվականին։ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնը պարսկերենի ուսուցում է իրականացրել նաև ամառային դասընթացի (8 շաբաթյա) շրջանակում, որին մասնակցել են նաև Լոնդոնի SOAS համալսարանի ուսանողները: Մեկ կիսամյակ անց ծրագրին է միացել նաև Օքսֆորդի համալսարանը։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ․, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով արտերկրի ուսանողների՝ ծրագրին մասնակցելու պայմաններին, նշել է, որ բրիտանական և եվրոպական համալսարանների ուսանողները մեկ կիսամյակ պետք է սովորեն այն երկրում, որի լեզուն ուսումնասիրում են։

Ընդգծելով ԵՊՀ իրանագիտության ամբիոնի կրթական ծրագրերի և ուսումնագիտական աշխատանքների բարձր որակը՝ Վարդան Ոսկանյանը շեշտել է, որ արտերկրի ուսանողները գալիս են ԵՊՀ՝ պարսկերենի իրենց գիտելիքները խորացնելու․ «Մենք համագործակցում ենք աշխարհի լավագույն համալսարանների հետ և փորձում նպաստել Երևանի պետական համալսարանի միջազգայնացմանը, արտասահմանյան բուհերի հետ գործակցության ամրապնդմանը և փորձի փոխանակմանը»։

ԵՊՀ-ում ամփոփվել են Օքսֆորդի, Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարանների ուսանողների համար անցկացված իրանագիտության դասընթացի արդյունքները
ԵՊՀ-ում ամփոփվել են Օքսֆորդի, Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարանների ուսանողների համար անցկացված իրանագիտության դասընթացի արդյունքները

Ծրագրի շրջանակում Իրանագիտության ամբիոնի դասախոսները ԵՊՀ-ում օտարերկրյա ուսանողներին դասավանդել են պարսկերեն, ուսուցանել Իրանի պատմությունը, մշակույթը, ինչպես նաև ներկայացրել հայ-իրանական հարաբերությունների պատմական խորքն ու խաչվող ուղիները։ Հատկանշական է, որ դասընթացն ուներ նաև մշակութային բաղադրիչ, որի շրջանակում ուսանողներն այցելել են Հայաստանի մշակութային վայրեր, թանգարաններ՝ ծանոթանալով հայոց պատմությանը և ազգային արժեքներին։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ․ Նունիկ Դարբինյանը տեղեկացրել է, որ ուսանողներն ընդունվել են պարսկերենի միջին մակարդակի գիտելիքներով, սակայն սեղմ ժամկետում զարգացրել են լեզվի իմացությունն ու բանավոր հաղորդակցվելու հմտությունները․ «Դասընթացներն անցկացվել են շաբաթական 5 օր՝ մոտ 4 ժամ տևողությամբ: Դասերի ժամանակ ուսանողները խոսել են պարսկերեն, ընթերցել պարսկերեն գրականություն, անցկացրել այդ լեզվով քննարկումներ: Դասընթացի նպատակներից էր այն, որ ուսանողները կարողանան շփումների միջոցով կատարելագործել պարսկերենի իրենց իմացությունը»։

Օքսֆորդի համալսարանի ուսանող Բեաթրիզ Թեյլոր Ռոդրիգեզը կարևոր ձեռքբերում է համարում դասընթացը՝ ընդգծելով դասավանդվող առարկաների մատուցման մեթոդները, մատչելի և հասկանալի լինելը․ «Շատ երջանիկ եմ, որ ԵՊՀ-ում սովորելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն ունեցա: Ուզում եմ շեշտել, որ հատկապես նեղ մասնագիտական բառապաշարի առումով ստացածս գիտելիքներն անգնահատելի են։ Կարծում եմ, որ մեր մասնակցությունն այս դասընթացին և ստացած հավաստագրերն իրենց յուրահատուկ դերը կունենան մասնագիտական կարիերայի ստեղծման ճանապարհին»։

էդինբուրգի համալսարանի ուսանող Միրզա Ազիմ Ֆյուրը գոհունակություն է հայտնել ոչ միայն ստացած գիտելիքներից, այլև ԵՊՀ-ում իրենց ընդունելությունից․ «ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ներկայացրած ծրագիրն ուսումնասիրելուց հետո շատ հավանեցինք այն։ Այժմ՝ դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո, կարող եմ ասել, որ մեր սպասելիքներն արդարացվել են, շատ տպավորված ենք համալսարանից, դասերից, դասախոսներից: Սա մեզ համար շատ լավ փորձառություն էր»:

Քեմբրիջի համալսարանի ուսանող Էմիլի Գայլսը ասել է, որ շատ սիրեց Երևանը, Գառնին, Գեղարդը․

«Հայաստանը հյուրընկալ երկիր է, կվերադառնամ այստեղ ընտանիքիս անդամների հետ։ Հայերը շատ համբերատար մարդիկ են, նրանք տարբեր իրավիճակներում շատ են օգնել մեզ»։

Նշենք, որ դասընթացին մասնակից տասներկու ուսանողներից երկուսը մնալու են Հայաստանում՝ ԵՊՀ-ում մագիստրոսական կրթական ծրագրով ուսումը շարունակելու և գիտելիքները խորացնելու նպատակով։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնը սպասում է հաջորդ տարվա ուսանողների նոր խմբին։