ԳլխավորԽճանկար

Ձեռքբերումներս համալսարանի շնորհիվ են. Մարիա Հովհաննիսյան

Մարիա Հովհաննիսյան

Աշխատասեր, պատասխանատու և մարդասեր… Այսպես է իրեն բնութագրում «ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթի հաղթող, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ Մարիա Հովհաննիսյանը։ Անարդարությունը բացառելու ձգտումը նրան տարիներ առաջ ուղղորդել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ: Նրա հաջողության պատմությունը, որ ներկայացնում է ysu.am-ը, աչքի է ընկնում բազմաթիվ ձեռքբերումներով և կարող է օրինակ դառնալ մի շարք ուսանողների համար:

Թեպետ Մարիան երկար ժամանակ երկմտել է իրավագետ կամ մաթեմատիկոս դառնալու հարցում, այնուամենայնիվ բուհի ընտրության ժամանակ դրսևորել է հաստատակամություն: Ասում է՝ ծնողների կենսագործունեությունն իր համար եղել է ապացույց, որ որակյալ կրթության շնորհիվ հնարավոր է գրանցել մեծաթիվ հաջողություններ:

Հետաքրքիր է, որ ընդունվելով ԵՊՀ՝ ոչ միայն արդարացել են ապագա իրավագետի սպասելիքները, այլև բարձրացել է մասնագիտական հետագա վերելքի նշաձողը։

Թեև Մարիան մասնագիտացած է կորպորատիվ իրավունքի և արժեթղթերի շուկայի բնագավառներում, այնուամենայնիվ գիտական հետաքրքրության շրջանակն ընդգրկում է միջազգային հանրային և մասնավոր իրավունքը (ԵՊՀ լավագույն ուսանողը միջազգային մարդասիրական իրավունքին առնչվող գիտական հոդվածի հեղինակ է): Այս է պատճառը, որ մասնակցելով տարաբնույթ ծրագրերի՝ նա ձգտել է իր ներդրումն ունենալ Հայաստանում իրավունքի այդ ուղղության զարգացմանը:

Այս համատեքստում նա առանձնակի կարևորում է Կարմիր խաչի կազմակերպած միջազգային մարդասիրական իրավունքի դատախաղը, որտեղ կարողացել է սերտ կապեր ձևավորել Ժնևի համալսարանի պրոֆեսորի հետ:

Անդրադառնալով ձեռք բերված համագործակցության կարևորությանը՝ ԵՊՀ լավագույն ուսանողն ընդգծում է. «Փոխգործակցության շնորհիվ պրոֆեսորի հետ գիտական կապեր հաստատելու հնարավորություն է ընձեռվել նաև ֆակուլտետի այլ ուսանողների, որոնք իրենց դասախոսների և օտարերկրյա մասնագետի ուղղորդմամբ գրում են որակյալ և արժեքավոր գիտական աշխատանքներ»:

Մարիան մասնակցել է նաև Թիֆլիսում և Վիեննայում կազմակերպվող միջազգային արբիտրաժի (Vis International moot-court on international arbitration), Նյուրնբերգի միջազգային քրեական իրավունքի վերաբերյալ (Nuremberg International moot-court on International criminal law) դատախաղերին, ինչպես նաև աշխարհում ամենամեծ դատախաղ-մրցույթին՝ Ջեսափին (Jessup International moot-court on International Public Law)՝ թիմի հետ ստանալով բարձր միավորներ:

Հատկանշական է, որ մասնակցելով նմանօրինակ մրցույթների՝ Մարիան հասանելիություն է ձեռք բերել ոլորտի՝ բարձր վարկանիշ ունեցող գիտական մի շարք ամսագրերի՝ այդկերպ նպաստելով ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության էլեկտրոնային գրականության ստեղծման և հարստացման աշխատանքներին:

Դեպի նոր ձեռքբերումներ տանող ճանապարհին Մարիան հանդիպել է խոչընդոտների, որոնք, նրա խոսքով, հաղթահարվել են գիտելիքների շնորհիվ:

Անդրադառնալով իր կայացման գործում համալսարանի դերակատարմանը՝ նա փաստում է.

«ԵՊՀ-ն առանցքային նշանակություն ունի ոչ միայն գիտակրթական ոլորտում, այլև կյանքի տարբեր բնագավառներում հաջողություններ գրանցելու հարցում, ուստի չեմ վարանի ասել, որ գրանցածս ձեռքբերումները համալսարանի շնորհիվ են: Լիահույս եմ՝ տարիներ անց ինքս կկարողանամ նպաստել համալսարանի զարգացմանը»: