ԳլխավորԼուր

Որտե՞ղ և ե՞րբ կհրապարակվեն 9-րդ դասարանի «Հայոց լեզու» քննության արդյունքները

Հայոց լեզվի դասագիրք, 9-րդ դասարան

Այսօր ՀՀ հանրակրթական դպրոցների 9-րդ դասարաններում անցկացվել է «Հայոց լեզու» (գրավոր, թեստ) ավարտական քննությունը:

Այս մասին Usanogh.am-ին տեղեկացրեցին ԿԳՄՍ նախարարությունից:

«Ավարտական և պետական ավարտական քննական աշխատանքների արդյունքները հրապարակվում են տվյալ քննության հաջորդ օրը` ժամը 14.00-ին: Քննական կենտրոնի ղեկավարը ցուցակների կրկնօրինակը փակցնում է քննական կենտրոնի մուտքի մոտ»,-ասաց ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության բաժնի պետ Կարինե Մանուկյանը:

Քննական կենտրոնում քննական գնահատականների ցուցակներն առանձնացվում են ըստ դասարանների, ցուցակները վավերացվում են ստուգող հանձնաժողովի նախագահի կողմից:

Քննությունների կազմակերպման, անցկացման և արդյունքների գնահատման վերաբերյալ բողոքները կարող են լինել քննության անցկացման կարգի խախտման և քննության արդյունքների հետ անհամաձայնության մասին:

Սովորողը կարող է բողոք ներկայացնել քննական կենտրոնի ղեկավարին՝ քննության ավարտից անմիջապես հետո: Կենտրոնի ղեկավարը տեղում քննարկում և պատասխանում է բողոքը ներկայացնողին: Բողոքները ներկայացվում են քննող հանձնաժողովի նախագահին` բանավոր քննության դեպքում` քննության պահին կամ մինչև քննասենյակից դուրս գալը, գրավոր քննության դեպքում` քննության արդյունքները հրապարակելուց հետո` 24 ժամվա ընթացքում`հաստատության տնօրենին:

Ավարտական և պետական ավարտական գրավոր քննության բողոքի արդյունքները ոչ ուշ, քան դիմումն ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, գրավոր ներկայացվում է դիմողին: Բողոքարկման արդյունքների հետ անհամաձայնության դեպքում դիմումի հեղինակը կարող է բողոքարկել վերադասության կարգով՝ նախարարություն և (կամ) դատարան: