ԳլխավորԿրթությունՀեռավար կրթությունՈւսումնառություն արտերկրում

Ուսումնական խնդիրներն ԱՄՆ-ում՝ ինքնամեկուսացման օրերին. The New York Times

Դասերից բացակայություններն ԱՄՆ ուսումնական հաստատություններում նույնիսկ «լավ ժամանակներում» է խնդիր եղել, իսկ հիմա, երբ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված՝ ուսումնական հաստատությունների մեծ մասը փակ է, եւ դասերը հեռավար են անցկացվում, խնդիրն ավելի է սրվել. աշակերտները մուտք չեն գործում համակարգ, չեն գրանցվում կամ չեն կատարում տնային հանձնարարությունները։

Ներկայացնում ենք The New York Times-ի անդրադարձը՝ որոշ կրճատումներով։

Բացակայությունների թիվն առավել մեծ է այն դպրոցներում, որտեղ աշակերտների մեծ մասը ցածր եկամուտ ունեցող ընտանիքներից է։ Նրանց հասանելիությունը տնային համակարգիչներին եւ համացանցին շատ փոքր է։ Ուսուցիչները հայտնում են, որ հեռավար դասերին կանոնավոր մասնակցում է իրենց աշակերտների կեսը։

Դա խիստ մտահոգում է դասավանդողներին, որոնք խոսում են բաց թողածն ամռանը լրացնելու, ուսումնական հաջորդ տարին շուտ սկսելու կամ դասերը վերակրկնելու անհրաժեշտության մասին։

Անցած շաբաթ Լոս Անջելեսում հայտարեցին, որ դպրոցականների գրեթե մեկ երրորդը չի հաճախում դասերին։ Գյուղական բնակավայրերում, օրինակ՝ Մինֆորդում (Օհայոյի նահանգ), խնդիրն առավել սուր է, քանի որ բազմաթիվ սովորողներ բնակվում են անտառային հեռավոր շրջաններում, որտեղ ինտերնետ-հասանելիություն չկա։

Որոշ աշակերտներ եւ նրանց ծնողները ամբողջովին դադարեցրել են կապը դպրոցի հետ՝ լինի դա հեռախոսի, էլփոստի թե այլ միջոցով, քանի որ պայքարում են համաճարակի հետեւանքների ավելի հրատապ՝ տնտեսական եւ բժշկական հետեւանքների դեմ։

Ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաներին բազմաթիվ գործոններ են խանգարում ստացիոնար դասերին մասնակցել՝ օրինակ՝ ծնողի մեքենայի անսարքությունը, կամ փոքր քույր-եղբայրներին խնամելու անհրաժեշտությունը։ Առցանց ուսուցումը նոր, հատկապես տեխնոլոգիական, խնդիրներ է առաջացրել նրանց համար։

18-ամյա Տիտիլայո Ալուկոն սովորում է Մանհետենի Լենդմարկ շրջանի միջնակարգ դպրոցում (լուսանկարում) եւ փորձում է ամեն ինչ անել՝ դասերից ետ չմնալու համար, բայց չի հաջողվում՝ տեխնոլոգիաներին անբավարար հասանելիության պատճառով։ Չնայած նոթբուք ունի, սակայն Բրոնքսում գտնվող նրա բնակարանում Wi-Fi ցանց չկա, քանի որ նրա ծնողները չեն կարողանում վճարել։ Որոշ տեսադասերի նա փորձում է մասնակցել հեռախոսի միջոցով, որը սակայն, միշտ չէ, որ օգնում է։

Որոշ շրջաններում անբավարար հաճախելիությունը հակադրության մեջ է գտնվում մի քանի հատուկ կամ հարուստ դպրոցների ցուցանիշների հետ, որտեղ հեռավար դասերի մասնակցության ցուցանիշը գրեթե 100 տոկոս է։ Այդ խզումը էլ ավելի կարող է խորացնել առաջադիմության տարբերությունները աղքատ, միջին խավի կամ ունեւոր ուսանողների միջեւ։

Քաղաքային կրթական համակարգերի խորհրդի գործադիր տնօրեն Մայքլ Քասերլին կարծում է, որ կիսատ մնացած կամ թերի կրթությունը դառնում է լուրջ խնդիր, որի հետեւանքները կարող են զգացվել դեռ երկար տարիներ։

Մանկավարժները չեն կարողանում այս վիճակին նմանվող ինչ-որ բան հիշել իրենց գործունեության ընթացքում։ Դպրոցներն այնպիսի աղետալի իրադարձությունների են դիմագրավել, ինչպիսիք են «Քեթրին» փոթորիկը կամ Կալիֆոռնիայի անտառային հրդեհները, բայց դրանք սահմանափակված էին ժամկետներով ու տարածման շրջանով։ Կորոնավիրուսի պանդեմիայի օրերին բոլոր նահանգներում կարգադրվել է կամ առաջարկվել է փակել ուսումնական հաստատությունները, շատ դեպքերում՝ մինչեւ ուսումնական տարվա ավարտը։

Ամողջ երկրում դպրոցների ղեկավարները քննարկում են՝ ինչպես լրացնել բաց թողածը, քանի որ շատ գիտելիքներ կապված են մեկը մյուսի հետ։ Եթե երեխան բաց է թողնում հիմնական որեւէ դաս կամ գաղափար, ապա դրա լրացումները նրա համար անհասկանալի էլ կմնան։

Անցած շաբաթ Քլիվլենդի մայրաքաղաքային դպրոցական օկրուգում գարնանային երկարատեւ արձակուրդներից վերադարձած ուսուցիչները փորձել են տեսաձայնային ժողով անցկացնել բոլոր 38 հազար սովորողների ծնողների հետ։ Առաջին անգամ մասնակիցների թիվը կազմել է 60 տոկոս, մի քանի փորձերից հետո այն հասել է 87 տոկոսի, տեղեկացրել է օկրուգի գործադիր տնօրեն Էրիկ Ս. Գորդոնը։

Քլիվլենդում մանկական աղքատության մակարդակն ամենաբարձրերից է։ Չնայած տնտեսական անկմանը, բազմաթիվ ծնողներ աշխատում են տնից դուրս՝ սանիտարական, առողջապահական եւ հասարակական սննդի բնագավառներում։ Դա նշանակում է, որ շատ երեխաների մոտ տանը մեծահասակ չկա, որը կվերահսկեր նրա կրթությունը։

Գորդոնի գնահատականով՝ շրջանի սովորողների 30-40 տոկոսը տնից ինտերնետի հասանելիության խնդիր ունի։ Այդ պատճառով հեռավար կրթության ծրագրերի վերամշակմանը զուգընթաց՝ իրենք աշխատանքային փաթեթներ են կազմում, որոնք անվճար սննդի հետ շուտով կառաքվեն սովորողների տնային հասցեներով։

Քլիվլենդի Ջոզեֆ Մ. Գալահերի անվան դպրոցի 4-րդ դասարանի ուսուցչուհի Թրեյսի Ռադիչը 2 օր է տրամադրել՝ իր 20 աշակերտների ծնողներին զանգահարելու եւ ուսման անհատական ծրագրի մշակելու համար։

Նրա աշակերտներից ոմանք խոսում են սոմալիերեն, սուահիլերեն կամ իսպաներեն, այդ պատճառով Ռադիչը խնդրել է այդ լեզուներին տիրապետող գործընկերներին՝ օգնել իրեն։

20-ի միայն 3-ն են, ովքեր մշտապես մասնակցում են առցանց դասերին, 6-ը համացանցի հասանելիություն չունի։ Երեխաներից մեկը ինտերնետի համար միշտ գնում էր մոտակա գրադարան, սակայն գրադարանները եսւ փակվել են։ Ուսուցչուհին հույսը դրել է հեռախոսային շփման վրա։

Դպրոցների ֆինանսավորումը հիմնականում կապված է աշակերտների թվի եւ հաճախելիության հետ, բայց Օհայո նահանգը ֆինանսավորման այլ սկզբունքներ ունի, եւ փորձագետների կարծիքով, ֆինանսավորման այդպիսի քաղաքականությանը կանցնեն նաեւ մյուս նահանգները։

Մինֆորդում կրթական ոլորտի պատասխանատուները սովորողներին դյուրակիր համակարգիչներ են բաժանում, ինչպես նաեւ դասերի թղթային տարբերակներ նրանց, ովքեր ինտերնետ չունեն։ Վերջիններս կազմում են սովորողների 20-30 տոկոսը։

Անկախ նրանից՝ կարող են աշակերտները մասնակցել առցանց դասերին, թե ոչ, կանխատեսվում է, որ նրանց մեծ մասը կփոխադրվի հաջորդ դասարան, նշում է օկրուգի դպրոցական հոգեբան Մարին Էփլգեյթը։

Կոլումբիա օկրուգում պետական բոլոր ուսումնական հաստատությունները փակ են առկա ուսուցման համար։ Երկրի խոշորագույն՝ Նյու Յորքի դպրոցական օկրուգում, որը կորոնավիրուսի համաճարակի կենտրոնում է, դեռ հրապարակված չէ հեռավար դասերին մասնակցողների թիվը։ Պաշտոնապես հայտարարվել է, որ հեռահար ուսուցման հաճախելիությունը կսկսեն ուսումնասիրել երկուշաբթի օրվանից։

Լոս Անջելեսում, որը մեծությամբ երկրորդ կրթական օկրուգն է, ավագ դասարանների աշակերտների մոտ 13 տոկոսը առցանց շփում չի ունեցել ուսուցիչների հետ արդեն երեք շաբաթ, երբ փակվել են դպրոցները, իսկ մեկ երրորդը անկանոն է մասնակցում հեռահար դասերին։

Շատ դպրոցներ փորձում են իրենք թվային տեխնիկա տրամադրել նրանց, ովքեր զրկված են նման հնարավորությունից։ Լոս Անջելեսում սովորողների թիվը ավելի քան 100 հազար է։ Մայամի Դեյդ օկրուգի պետական ուսումնական հաստատությունները բաժանել են ավելի քան 80 հազար շարժական սարք հեռահար ուսուցման համար եւ ավելի քան 11 հազար սմարթֆոն՝ որպես Wi-Fi-ի տնային կետեր։

Մասնագետները միակարծիք են, որ թե ուսուցիչները, թե աշակերտները լիցքեր են ստանում առկա ուսուցման ժամանակ, եւ հեռավար դասերի այս օրերին նկատվում է նրանց որոշակի ճնշվածությունը։

Գլխավոր լուսանկարում (by Christina House / Los Angeles Times) աշակերտները սպասում են դյուրակիր համակարգիչ ստանալու իրենց հերթին։

usanogh.am

Ըստ The New York Times

Comment here