Ներկայացանում ենք սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի ելույթը Բելգրադի գրքի 60-րդ տոնավաճառի բացմանը (25 հոկտեմբերի, 2015 թ.)
***
Գրագետ լինել՝ անցյալ դարում նշանակում էր լինել հարգված։ Դա երբեմն շատ ավելին էր նշանակում։ Հիշենք Գարսիա Մարկեսի խոսքը, որ իր գրելու միակ պատճառն այն է, որ ուզում է սիրված լինել։
Որտեղ էլ որ գրագետ մարդը հայտնվեր, նա միշտ ուշադրության կենտրոնում էր։ Դպրոցում, կինոյում, փողոցում, թատրոնում, տրամվայի կանգառում, գնչուական թաղամասում… Եվ խոսքն այստեղ քերականական գրագիտության մասին չէ, ոչ էլ այն ուրվականի մասին, որը ստեղծվում է ժամանակակից տեղեկատվական հեղափոխություն իրականացնողների կողմից։
Երբ անցյալ դարում որևէ մեկին գրագետ էին անվանում, դրանով արտացոլում էին տվյալ անձի նկատմամբ խորը ակնածանքը, որի մեջ պատկերվում էր այդ անձի մարդկային արժեքների ամբողջությունը։ Գրագետ մարդը կատարյալը չէր, և կատարելությունը նրա նպատակը չէր։ Նա իրեն մխիթարել էր «nobody is perfect» (ոչ ոք կատարյալ չէ) անգլիական ասացվածքով, որի լավագույն մարմնավորումը դարձավ արգենտինացի գրող Լուիս Բորխեսը։ Գրագետ մարդն անհետացել է՝ հեղեղված տեղեկատվական հեղափոխության աղբով։ Գրագետ մարդը չար, կոռումպացված չէր և չէր համաձայնում այն մտքի հետ, որ Աստված չկա: Ծայրահեղ դեպքում, ամենամեծ բանը, որին նա կհամաձայնի Յունգի հետևյալ գաղափարն է. «Ավելի հիմար, քան նրանք, ովքեր պնդում են, որ Աստված կա, կարող են լինել միայն նրանք, ովքեր մերժում են Աստծուն»։
Գրագետ մարդը ձգտում էր դեպի ճշմարտությունը, բարին ու վեհը։ Նա ոչ մի բանով նման չէր այն հակահերոսին, ով դարձել է այն ժամանակի մարմնավորումը, որում մենք այժմ ապրում ենք։ Նա երբեք ամբողջությամբ չի պատկանել իրական աշխարհին, չնայած, որ մենք սեղմում էինք իր ձեռքը։ Նա ավելի շուտ հիշեցնում էր որևէ գրքից մի կերպարի, ով անսպասելիորեն դուրս է պոկվել նրա էջերից և հառնել մեր առջև, ինչպես և այն ճշմարտությունը, որ առանց հիշվող նկարների և գրքերի գլուխների գոյություն չունի գրագետ մարդ։ Գրագետ մարդը լի էր արժանիքներով։ Նա անսանձ էր, կրքոտ, ինչպես Օսկար Ուայլդը, նա կարող է խոսքով, ինչպես սրով, դուրս մղել անճաշակությունը այն ամենից, ինչը ճաշակ է կոչվում, ցույց տալ մեզ «մտածելու» ճանապարհը։ Այս ամենը մեր ժամանակի հակահերոսին՝ այսպես կոչված «սելֆիի մարդուն» հատուկ չէ՝ ինքնասիրահարված, պատմությանը չհավատացող, կորպորացիոն կապիտալիզմը որպես ճակատագիր ընդունող, ով ջանում է ապացուցել, որ իր հարևանը կամ ողջ ժողովուրդը գրոշի արժեք չունի։ Այս հակահերոսը սելֆիներ է անում իր այֆոնով և մեծ հուզմունքով հետևում իր դեմքի կնճռոտմանը։
․․․Չէ որ պատմության գծած բարոյական և էթիկ նորմերը մենք յուրացրել ենք ոչ միայն ծնողների նկատմամբ ունեցած վախից դրդված։ Հոգևոր զարգացման դեռ նոր-նոր սկզբնավորվող գործընթացների բացահայտման ակունքներում միշտ կանգնած է եղել գրագետ մարդը։ Այսօր ով ասես, որ չի գրում, սակայն քչերն են կարդում։ Հենց այս հողի վրա էլ մեծացել է այն «ուրիշը», ում մենք «սելֆի մարդ» ենք անվանել, և ով նման է գինետանը մեր վզին փաթաթված մի գռեհիկ աղջկա, որը շփոթում է մեր մտքերը, խանգարում և, ով չի հեռանա մինչ հզոր կատարսիս (ապաքինում): Սելֆի մարդը մեծացել է հասկացությունների խառնիճաղանճ աղբակույտում, այն մտքի հետ, որ տեղեկատվական հասանելիությունը նույնն է, ինչ կրթությունը , փողի և շահամոլության գաղափարախոսության իշխանության պայմաններում, որտեղ միակ արժեքավորը հենց այն անհանգստությունն է, որ արտահայտվում է դեմքի փոքրիկ կնճռին հետևելիս։ Սկզբում այս «սելֆի մարդը» իրականությունը շփոթում էր ռեալիզմի հետ, որը Դոստոևսկին անցյալ դարի վերջին ավելի ֆանտաստիկ էր համարում, քան գրականության մյուս բոլոր ուղղությունները․..
Ես ինքս ինձ հարցնում եմ, թե ինչով է չափվում այս իրականությունը և ինչի հետ է համեմատվում, եթե ոչ մեր հիշողության մեջ դաջված գրքերի գլուխների։ Եթե մարդը ի վիճակի չէ գոյություն ունեցող աշխարհը համեմատել «գոյություն չունեցողի» հետ, եթե նա չի կարողանում ստեղծել աշխարհի սեփական ընկալումը, ինչին ի զորու է միայն գրագետ մարդը, ապա այս դեպքում այդ «ուրիշն» ապրում է կյանքով, որտեղ այլևս ավելորդե են տեսախցիկները ամեն ինչ ռեալիթի շոու վերածելու համար, որի հիմնական նպատակն է ապացուցել, որ մենք սրիկաներ և գողեր ենք, ում պետք է մշտապես պատժել։
Գրագետ լինելը բանաձև է, որը բացում է գաղտնիքների դարպասները, որոնց մենք կարող ենք հասու լինել․ օրհնության դարպասները, որոնց մարդը կարող է դիպչել Երկրի վրա իր կարճատև ներկայության ընթացքում իսկ: Եթե մարդը գրագետ է, ուրեմն կարող է երջանիկ լինել:
Գրագետ մարդը ձգտում է դեպի գիրքը, ինչպես հավատացյալը՝ Աստծուն։ Այսօր գրագետ մարդը իր ներկայությամբ վերածնում է անցյալի պատկերները, որտեղ ինքը ուշադրության կենտրոնում էր, որտեղ իրեն կարող էր տեսնել մի երեխա, և այդ երեխայի կյանքն ուրիշ ընթացք կունենար։ Ամեն ինչ ավելի լավ կլիներ։