ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2024 թվականի բյուջեն նախատեսված է 345 մլրդ 417 մլն դրամ, որը նախորդ տարվա ծախսերի համեմատ աճել է 95 մլրդ 148 մլն դրամով կամ 38%-ով։ Կրթության ոլորտի ծախսերը կկազմեն 285 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 47%-ով, իսկ գիտության ոլորտի ծախսերը կկազմեն շուրջ 32 մլրդ 498 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 8%-ով։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ թեև յուրաքանչյուր տարի նախարարության բյուջեում որոշակի աճ եղել է, բայց այսպիսի մեծ ծավալով ավելացումն աննախադեպ է:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով` ԿԳՄՍՆ բյուջեն, իսկապես, բավական մեծացել է.
«Այս տարի մեծացել է ատեստավորված ուսուցիչների թիվը, որոնք պետք է հավելավճար ստանան, բնագիտական առարկաների ուսուցիչների աշխատավարձն է բարձրանալու. սրանք մի քանի օրինակ են, իսկ, առհասարակ, նկատելի է, որ ԿԳՄՍ ոլորտին հատկացվող գումարը էապես մեծացել է: Պարզապես մի կարևոր հարց է առաջ գալիս` բյուջեի մեծացումը արդյո՞ք կբերի կրթության որակի բարձրացման, արդյո՞ք այն ծախսերը, որոնք արվում են, խելամիտ ծախսեր են: Բյուջեի մեծացումը պետք է նպատակին ծառայի»,-նկատեց նա:
Սերոբ Խաչատրյանը նշեց` ԿԳՄՍ նախարարությունը բնագիտական առարկաների ուսուցիչներին 30 հազար հավելավճար է տալիս, բայց, ասենք, մաթեմատիկայի ուսուցիչներին չի տալիս.
«Գումարը, այո, ավելացել է, բայց դա կարող է նույն մաթեմատիկայի ուսուցիչների մոտիվացիան նվազեցնել, վերջիններս կարող են մտածել` ինչու բոլորի աշխատավարձը ավելացավ, մերը` ոչ: Շատ փող դնելը լավ է, բայց կարևորն արդյունքն է: Կամ` կամավոր ատեստավորմանը մասնակցած և համապատասխան շեմը հաղթահարած ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման համար հսկայական գումար է ներդրվելու, բայց որքանո՞վ է դա բարձրացնելու կրթության որակը»:
Համեմատության համար նշենք, որ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներին հատկացվող ֆինանսավորումը 2022-ին կազմել է 223,3 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելի էր 27,4%-ով։ 25,150,174,600 դրամ էր հատկացվել գիտության ոլորտի ծրագրերի ֆինանսավորմանը, ինչը 82,8%-ով ավելին էր, քան հատկացվել էր 2021թ․ համար հաստատված բյուջեով: Կրթության փորձագետը շեշտեց` ԿԳՄՍ նախարարության բյուջեից խոսելիս պարտադիր պետք է հաշվի առնել վերջին տարիների ինֆլյացիոն գործընթացները.
«Հիմա եթե ուսուցչի աշխատավարձը պայմանականորեն 30 հազար դրամով բարձրացել է, չենք կարող համարել, որ դրանով նրա կյանքի որակը բարձրացավ. ամեն բան այնքան է թանկացել, որ այդ 30 հազարը ոչ թե բարձրացում է, այլ ինդեքսացիա»:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ