ԳլխավորՀայտնիները` ուսանող

Ուզում էի Բրյուսով ընդունվել, որ աղջիկներին ավելի մոտ լինեի. Հայկ Պետրոսյան

Վարդան Պետրոսյան, Հայկ Պետրոսյան

Usanogh.am-ը ներկայացնում է «Հայտնիները` ուսանող» շարքը, որի շրջանակում հայ հայտնիների հետ զրուցում ենք ուսանողական տարիների վառ հիշողություններից, զվարճալի դրվագներից, ձեռքբերումներից ու կորուստներից, մասնագիտության ընտրությունից:

Այս անգամ շարքի զրուցակիցը երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանն է: Սովորել է Երևանի Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում, միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:

Մի բուհը մոտ էր, մյուսում աղջիկներն էին շատ

Ինչպես շատ դիմորդներ՝ Հայկն էլ ընտանիքի անդամների հետ նախապես քննարկել է այն հարցը, թե որտեղ պետք է ուսումը շարունակի։

«Սկզբում ուզում էի Հայ-ռուսական համալսարան ընդունվել, որովհետև մեր տանը մոտ էր, հետո ասացի` ուզում եմ Բրյուսովի անվան համալսարան գնալ, որովհետև աղջիկներն այնտեղ շատ են (ծիծաղում է): Ինձ ասացին, որ անլուրջ եմ մոտենում բուհ ընդունվելու հարցին…Ի վերջո, եկա այն եզրահանգման, որ քանի որ պատմություն շատ եմ սիրում, կարող եմ, օրինակ, քաղաքագետ դառնալ, և ընտրությունս կանգ առավ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի վրա»,-պատմում է Հայկը:

Հոբբին դարձավ մասնագիտություն, մասնագիտությունը` հոբբի

Այնպես ստացվեց, որ Հայկը հետագայում համարյա թե իր ընտրած մասնագիտությամբ չաշխատեց. «Մի որոշ ժամանակ Փարիզում Արցախի ներկայացուցչությունում եմ աշխատել` որպես ներկայացուցչի ասիստենտ: Այդքանով քաղաքագետի իմ կարիերան ավարտվել է: Փոխարենը իմ հոբբին` երգելը, երգ գրելը, հետագայում դարձավ իմ մասնագիտությունը: Եվ քանի որ մինչև այժմ էլ հետաքրքրված եմ պատմությամբ և քաղաքականությամբ, կարող եմ ասել, որ մասնագիտութունս էլ վերածվեց հոբբիի»,-ասում է Հայկը:

Կռիվներից մինչև խելոք զրույցներ

Հայկն իր հորից` դերասան Վարդան Պետրոսյանից, հաճախ է լսել ուսանողական տարբեր պատմություններ, ասում է` համեմատած դրանց հետ՝ իր պատմությունները նույնքան վառ չեն, բայց, իհարկե, կան հիշարժան դրվագներ.

«Օրինակ` հիշում եմ, որ օրումեջ տղայական կռիվների մեջ էինք, բայց դրան զուգահեռ մի ընկեր ունեի, հետը իջնում էինք սրճարան և ժամերով քննարկում էինք հայության և Հայաստանի հետ կապված ամենատարբեր հարցեր: Ահա այսքան կոնտրաստային է եղել իմ ուսանողական կյանքը»,-եզրափակում է Հայկը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ