ԳլխավորՄի կտոր գիրք

Էռնեստ Հեմինգուեյ. «Ծերունին եւ ծովը»

Ամերիկացի գրող, Նոբելյան մրցանակակիր (1954) Էռնեստ Հեմինգուեյի (21.07.1899-2.07.1961) ծննդյան օրն է։

Ներկայացնում ենք հատվածներ նրա «Ծերունին եւ ծովը» ստեղծագործությունից։

***

Ծերունին խավարում զգում էր, որ մոտենում է առավոտը, թիավարելիս լսում էր մի դողդոջ ձայն, թռչող ձկներն էին ջրից դուրս գալիս ու իրենց կարծր թևերով օդը սուլոցով ճեղքելով՝ հեռանում էին։ Նա քնքուշ սեր էր տածում թռչող ձկների նկատմամբ, դրանք նրա լավագույն բարեկամներն էին այդտեղ՝ օվկիանոսում։ Թռչուններին նա խղճում էր, մանավանդ ծովային փոքրիկ ու նրբակազմ ծիծեռնակներին, որոնք անվերջ թռչում են ու կեր փնտրում և համարյա երբեք էլ չեն գտնում, և նա մտածեց. «Թռչունի կյանքը շատ ավելի ծանր է, քան մերը, եթե չհաշվենք գիշանգղերին ու է՛լ ավելի մեծ, ուժեղ թռչուններին։ Ինչո՞ւ են թռչուններին ստեղծել այսպես նրբակազմ ու անզոր, ինչպես ահա այս ծովային ծիծեռնակներն են, եթե երբեմն օվկիանոսն այսպես դաժան է լինում։ Նա բարի է և սքանչելի, բայց երբեմն հանկարծ դառնում է այնպես դաժան, իսկ նրա վրա սլացող թռչունները, որոնք կերի համար սուզվում են և իրենց թույլ ու տխուր ծլվլոցներով ձայնակցում իրար, շատ նրբակազմ են նրա համար»։

Մտքում նա միշտ ծովն անվանում էր la mar, ինչպես իսպաներեն անվանում են նրան սիրող մարդիկ։ Երբեմն նրան սիրողը վատ է խոսում նրա մասին, բայց միշտ ինչպես կնոջ մասին՝ իգական հոդով։ Ավելի երիտասարդ ձկնորսները, նրանք, որոնք իրենց պարանների համար խցանների փոխարեն լողաններ են գործածում և որսի են գնում մոտորային նավակներով, որ գնել են այն օրերին, երբ շնաձկան լյարդը մեծ գին ուներ,- ծովն անվանում են el mar, այսինքն՝ արական հոդով։ Սրանք նրա մասին խոսում են որպես տարածության, ախոյանի, երբեմն նույնիսկ թշնամու մասին։ Իսկ ծերունին մշտապես մտածում էր ծովի՝ որպես կնոջ մասին, որը մեծ շնորհներ է պարգևում կամ մերժում, իսկ եթե իրեն թույլ է տալիս չմտածված կամ անբարյացակամ արարքներ, ճա՛րդ ինչ. այդպես է նրա բնույթը։ «Լուսինը հուզում է ծովին ինչպես կնոջ»,- մտածում էր ծերունին։

Նա թիավարում էր միահավասար, առանց ուժերը լարելու, որովհետև օվկիանոսի մակերեսը հարթ էր, բացի այն վայրերից, որտեղ հոսանքը ջրապտույտ էր առաջացնում։ Ծերունին թողնում էր, որ հոսանքը աշխատանքի մեկ երրորդը ինքը կատարի իր փոխարեն, և երբ սկսեց լուսանալ, նա տեսավ, որ շատ ավելի հեռու է գտնվում, քան ենթադրում էր, թե կլինի այդ ժամին։

«Մի ամբողջ շաբաթ որս արեցի խորահատակ տեղերում և ոչինչ չբռնեցի,- մտածեց ծերունին։ — Այսօր բախտս կփորձեմ այնտեղ, որտեղ ման են գալիս ձկնաքաղներ ու ալբակորների վտառները։ Ո՜վ գիտե, հանկարծ խոշոր ձուկ պատահեց»։

Դեռևս լույս չէր բացվել, բայց նա արդեն գցեց իր խայծավոր կարթերը ու դանդաղ նավարկեց հոսանքի ուղղությամբ։ Խայծերից մեկը գտնվում էր քառասուն գրկաչափ խորության վրա, մյուսն իջավ յոթանասունհինգ, իսկ երրորդն ու չորրորդը իջան կապուտակ ջրի խորքը՝ հարյուր ու հարյուր քսանհինգ գրկաչափ։ Խայծերը կախված էին գլխիվայր, ըստ որում կարթի կոթն անցնում էր ձկնիկի միջով և ամուր կապված ու կարված էր, իսկ բուն կեռի՝ նրա ծռած ու սուր մասերի վրա, թարմ սարդիններ էին շամփրված։ Այդ սարդինները շամփրված էին կարթի վրա զույգ աչքից, որով և դրասանգ էին կազմում կեռի պողպատե կիսաշրջանակի վրա։ Եթե խոշոր ձուկը մոտենար կեռին, կզգար, թե որքան քաղցր ու ախորժագրգիռ հոտ է գալիս դրա ամեն մի կտորից։

Տղան երկու թարմ թյունոս էր տվել ծերունուն, նա դրանք ամրացրեց կարթաթելերին, իսկ մնացած երկուսին ամրացրեց մի խոշոր երկնագույն թյունիկ ու դեղին ումբրիկ։ Անցած անգամ նա թեև օգտագործել էր դրանք, բայց հիմա էլ դեռ լավն էին, իսկ պատվական սարդինները բույր ու գրավչություն էին տալիս նրանց։ Ամեն մի կարթաձող, որ խոշոր մատիտի հաստություն ուներ, ձգված էր մի ճկուն ճիպոտի վրա այնպես, որ ձուկը ինչ ձևով էլ դիպչեր խայծին, ճիպոտը կճկվեր դեպի ջուրը, ապա կապված էր կարթաթելի երկու պահեստի կծիկներին՝ յուրաքանչյուրը քառասուն գրկաչափ. դրանք էլ իրենց հերթին կարող էին միացվել մյուս պահեստի կծիկներին, այնպես, որ կարիքի դեպքում կարելի էր ձուկն իջեցնել ավելի քան երեք հարյուր գրկաչափ։

Այժմ ծերունին հետևում էր, թե կանաչ ճիպոտներն արդյոք չե՞ն կռանում դեպի նավակը, և կամացուկ թիավարելով՝ նայում էր, որ կարթաթելը ջուրը մտնի ուղիղ գծով և անհրաժեշտ խորությամբ։ Արդեն բոլորովին լուսացել էր, և ուր որ է արևը կծագեր։

Արևը հազիվ նկատելի բարձրացավ ծովից, և ծերունին սկսեց նշմարել ուրիշ նավակներ ևս. դրանք նստել էին ջրի մեջ, հոսանքի ամբողջ լայնքով, բայց ափին շատ ավելի մոտ։ Հետո արևի լույսը ուժեղացավ, և ջուրն արտացոլեց նրա շողերը, իսկ երբ արևը բոլորովին վեր բարձրացավ հորիզոնից, ծովի հարթ մակերեսը սկսեց նրա ճառագայթները նետել ուղիղ աչքերին ու սուր ցավ պատճառել, իսկ ծերունին թիավարում էր՝ ջանալով չնայել ջրին։ Նա նայում էր ծովի մութ խորքին, ուր ձգվում էին նրա կարթաթելերը։ Ծերունու թելերը միշտ ավելի ուղիղ էին իջնում, քան մյուս ձկնորսներինը, և ծովի խավարում՝ տարբեր խորությունների վրա, խայծը սպասում էր ձկանը հենց այն տեղում, որը ծերունին որոշել էր նրա համար։ Մյուս ձկնորսները թույլ էին տալիս, որ իրենց պարանները լողան հոսանքի հետ, և երբեմն դրանք լինում էին վաթսուն գրկաչափ խորության վրա, այնինչ ձկնորսները կարծում էին, թե իջեցրել են հարյուր գրկաչափ։

«Իսկ ես,- մտածեց ծերունին,- իմ թելերը միշտ ճիշտ եմ գցում։ Պարզապես բախտս չի բանում։ Ասենք ի՞նչ իմանամ, գուցե և այսօր բախտը ժպտա ինձ։ Օրը օրվանից տարբեր է։ Լավ է իհարկե, երբ մարդու բախտը բանում է։ Բայց ես գերադասում եմ կարգին բռնել իմ գործը։ Իսկ երբ բախտը գա, ես պատրաստ կլինեմ»։

***

Երբ արևը մայր մտավ, ծերունին գոտեպնդվելու համար սկսեց վերհիշել, թե ինչպես մի անգամ Կասաբլանկայի գինետանը ինքը ուժի մրցության բռնվեց Սիենֆուեգոսի նավահանգստի ամենաուժեղ մարդու՝ հզոր նեգրի հետ։ Մի ամբողջ օր՝ գիշեր֊ցերեկ, նրանք նստել էին իրար դեմ, արմունկները դիմահարած սեղանի վրա կավճով նշված գծին, առանց բազուկները ծռելու ու ձեռքի ափերն իրար ագուցած։ Նրանցից ամեն մեկը ջանում էր մյուսի ձեռքը սեղմել սեղանին։ Շուրջը մարդիկ գրազ էին գալիս, մտնում էին նավթի լամպերով թույլ լուսավորված սենյակը, դուրս գալիս, իսկ ինքը աչքերը չէր կտրում նեգրի ձեռքից, արմունկից ու դեմքից։ Առաջին ութ ժամն անցնելուց հետո դատավորներն սկսել էին չորս ժամը մեկ փոխարինել իրար, որպեսզի քնեն։ Երկու հակառակորդների եղունգների տակից արյուն էր ծորում, իսկ նրանք շարունակում էին նայել միմյանց աչքերին, ձեռքին ու արմունկին։ Գրազ բռնած մարդիկ մտնում էին սենյակ, դուրս գալիս, նստում էին պատերի մոտի բարձր աթոռներին ու սպասում վախճանին։ Փայտե պատերը բաց կապույտ էին ներկված, և լամպերը ստվեր էին գցում նրանց վրա։ Նեգրի ստվերը հսկայական էր ու երերում էր պատի վրա, երբ քամին տարուբերում էր լամպերը։

Ամբողջ գիշերը գերազանցությունն անընդհատ անցել էր մեկից մյուսին. նեգրին ռոմ էին խմեցնում ու վառում սիգարետները։ Ռոմ խմելուց հետո նեգրը հուսահատ ճիգ էր գործադրում և մի անգամ կարողացավ ճկել ծերունու ձեռքը համարյա երեք մատնաչափ, իսկ այն ժամանակ նա ծեր չէր ու կոչվում էր Սանտյագո El Campeon։ Բայց ծերունին նորից ուղղեց ձեռքը։ Դրանից հետո նա այլևս չկասկածեց, որ հաղթեց նեգրին, որը լավ տղա էր և անվանի ուժեղ։ Լուսաբացին, երբ ներկաներն սկսեցին պահանջել, որ դատավորը հայտարարի ոչ֊ոքի, իսկ սա ուսերն էր թոթվում, ծերունին հանկարծ լարեց իր բոլոր ուժերը և սկսեց նեգրի ձեռքը ճկել ավելի ու ավելի ցած, մինչև որ սեղմվեց սեղանին։ Մենամարտը սկսվեց կիրակի առավոտ և վերջացավ երկուշաբթի առավոտ։ Մասնակիցներից շատերը պահանջում էին ընդունել ոչ֊ոքի, որովհետև ժամանակն էր աշխատանքի դուրս գալու նավահանգստում, որտեղ նրանք ածուխ էին բեռնում Հավանայի ածխային ընկերության համար և կամ թե պարկերով շաքար։ Եթե այդ հանգամանքը չլիներ, ամենքն էլ կուզեին մրցումը հասցնել վախճանին։ Սակայն ծերունին հաղթեց և հաղթեց ավելի շուտ, քան թե բեռնակիրները աշխատանքի կգնային։

Այնուհետև երկար ժամանակ Չեմպիոն էին անվանում նրան, իսկ գարնանը նա հնարավորություն տվեց նեգրին հատուցում ստանալու։ Բայց գրազի գումարներն արդեն այնքան բարձր չէին, և նա երկրորդ անգամ էլ հեշտությամբ հաղթեց, որովհետև սիենֆուեգոսցի նեգրի հավատն իր ուժի հանդեպ արդեն խորտակվել էր առաջին մրցության ժամանակ։

***

«Պետք էր ասել այն բոլոր աղոթքները, որ խոստացա ասել, եթե ձուկը բռնեմ,- մտածեց նա։- Բայց հիմա շատ եմ հոգնել։ Ավելի լավ է վերցնեմ պարկը ու դրանով ուսերս ծածկեմ»։

Նավախելին պառկած՝ նա վարում էր մակույկը ու սպասում, թե երբ երկնքում կերևա Հավանայի լույսերի հրացոլքը։ «Ձկան կեսն է մնացել,- մտածում էր նա։- Գուցե բախտս բանի ու գոնե դրա առջևի մասը հասցնեմ տուն։ Պե՛տք է վերջապես բախտս բանի…- Ո՛չ,- ասաց ինքն իրեն։- Ինքդ ծաղրեցիր քո հաջողությունը, երբ այսքան առաջացար ծովում»։

— Հիմար֊հիմար մի՛ խոսիր, ծերո՛ւկ,- ընդհատեց ինքն իրեն։- Արթուն կաց ու հետևիր ղեկին։ Կարող ես դեռ բախտավորության հասնել։

— Կուզենայի մի քիչ երջանկություն գնել, եթե որևէ տեղ ծախում են,- ասաց ծերունին։

— Իսկ ինչո՞վ կգնես,- հարցրեց նա իրեն։- Մի՞թե կարող ես գնել դա կորցրած հարպունովդ, կոտրված դանակովդ ու խեղված ձեռքերովդ։

— Ի՜նչ իմանաս։ Դու ուզում էիր երջանկություն ձեռք բերել այն ութսունչորս օրվա գնով, որ անցկացրիր ծովում։ Եվ, իմիջիայլոց, քիչ մնաց ծախեին դա քեզ։

«Չպետք է մտածել ամեն տեսակ դատարկ բաների մասին։ Բախտավորությունն ամեն ձևով է գտնում մարդուն, մի՞թե կճանաչես նրան։ Ասենք, ես ամեն մի ձևով էլ մի քիչ բախտավորություն կառնեի ու դրա համար կվճարեի այն ամենը, ինչ պահանջեին։ Կուզենայի տեսնել Հավանայի հրացոլքը,- մտածեց նա։- Շատ բան ես ուզում միանգամից, ծերո՛ւկ։ Բայց հիմա ուզում եմ տեսնել Հավանայի լույսերը, և ուրիշ ոչինչ»։ Նա փորձեց ավելի հարմար ձևով նստել ղեկի մոտ և ցավի հետզհետե ավելի սաստկանալուց հասկացավ, որ ինքը հիրավի չի մեռել։

Քաղաքի լույսերի հրացոլքը նա տեսավ երեկոյան ժամը մոտավորապես տասին։ Սկզբում դա թվաց մի թույլ ցոլք երկնքում, ինչպես լուսնի ծագելուց առաջ է լինում։ Հետո լույսերն սկսեցին որոշակի երևալ օվկիանոսի գծից այն կողմ, որտեղ սաստկացած քամին բարձր ալիքներ էր գլորում։ Ծերունին նավարկում էր դեպի այդ լույսերը և մտածում, որ շուտով, հիմա արդեն շուտով կմտնի Գոլֆսթրիմի մեջ։

«Ա՛յ, պրծավ֊գնաց,- մտածեց նա։- Դրանք, իհարկե, նորից կհարձակվեն ինձ վրա։ Բայց դատարկ ձեռքերով ի՞նչ կարող է անել մարդը խավարում»։

Նրա ողջ մարմինը կոտրատվում էր ու կծկծում, իսկ գիշերվա ցուրտը սաստկացնում էր վերքերի, հոգնաբեկ ձեռքերի ու ոտքերի ցավը։ «Հույս ունեմ, որ այլևս կռվելու կարիք չեմ ունենա,- մտածեց նա։- Միայն թե էլ չկռվեմ»։

Սակայն կեսգիշերին նա կրկին մարտնչում էր շնաձկների հետ և գիտեր, որ այս անգամ պայքարն անօգուտ է։ Նրանք հարձակվեցին ամբողջ ոհմակով, իսկ ծերունին տեսնում էր միայն այն շերտերը, որ գծում էին նրանց լողաթևերը ջրի վրա, և այն լույսը, որ արձակում էին նրանք, երբ գրոհում էին միս պոկելու։ Նա մահակը խփում էր գլուխներին ու լսում, թե ինչպես են կափկափում ծնոտները, և ինչպես է ցնցվում նավակը, երբ ներքևից են պոկում ձուկը։ Նա հուսահատությամբ մահակը իջեցնում էր մի անտեսանելի բանի, որը միայն լսել ու շոշափել կարող էր, և հանկարծ զգաց, որ մահակն անհետացավ։

Նա ղեկալծակը քաշեց֊հանեց իր բնից ու զույգ ձեռքով բռնած՝ սկսեց իրար ետևից հարվածներ տեղալ։ Բայց շնաձկներն արդեն նավակի ցռուկի մոտ էին և իրար ետևից ու բոլորը միասին հարձակվում էին ձկան վրա, պոկում մսի կտորներ, որոնք լույս էին տալիս ծովի մեջ. շնաձկները նորից էին ցրվում, որպեսզի նորից հարձակվեն իրենց որսի վրա։

Շնաձկներից մեկը վերջապես հասավ ձկան գլխին, և այն ժամանակ ծերունին հասկացավ, որ ամեն ինչ վերջացած է։

Comment here