ԳլխավորՀայտնիները` ուսանող

Դասեր` մոմի լույսի տակ, Երրորդ մասից ոտքով` Պոլիտեխնիկ. Գլումովի  ուսանողական տարիները

Եգոր Գլումով

Usanogh.am-ն  ներկայացնում է «Հայտնիները` ուսանող» շարքը, որի շրջանակում հայ հայտնիների հետ զրուցում ենք ուսանողական տարիների վառ հիշողություններից, զվարճալի դրվագներից, ձեռքբերումներից ու կորուստներից, մասնագիտության ընտրությունից:

Այս անգամ շարքի զրուցակիցը հաղորդավար Եգոր Գլումովն է: Նա 1990-95-ին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում:

Գլումովին Պոլիտեխնիկ տարավ ընկերը

Եգորը Պոլիտեխնիկական ինստիտուտ չէր ընդունվի, եթե չլիներ ընկերը, որի հետ ընդունելության քննության համար պարապում էր: Արդյունքում վերջին պահին ընկերը որոշեց իրավաբանական գծով դիմել, իսկ ինքը գործերը հանձնեց Պոլիտեխնիկ, ընդունվեց և մնաց։

«Մեծ հաճույքով էի սովորում, ընդ որում` բավական լավ. դիպլոմային աշխատանքս, պետական քննություններս գերազանց եմ հանձնել: Պարզապես չեմ աշխատել իմ մասնագիտությամբ: Մենք առաջին բիոկիբեռնետիկներն էինք: Այն ժամանակ Պոլիտեխնիկը, վստահաբար, Հայաստանի լավագույն բուհերից էր, հատկապես` տեխնիկական կիբեռնետիկայի բաժին ընդունվելու համար մրցակցությունը բավական մեծ էր: Ես շատ գոհ եմ ոչ միայն ինստիտուտի փոխանցած գիտելիքներից, այլև` որ Պոլիտեխնիկը նպաստեց մեր մտահորիզոնի լայնացմանը»,-ասում է հաղորդավարը:

Պարապմունքներ` մոմի լույսի տակ

Գլումովի ուսանողական կյանքը համընկավ 1990-ականների դժվարին տարիների հետ: Դասերը պարապում էին մոմի, լամպի կամ մարտկոցի լույսի տակ: Կուրսեցիներով հավաքվում էին կամ Եգորենց, կամ մեկ ուրիշի տանը։

«Խմբի երեխեքով հավաքվում էինք մեկի տանը, որտեղ լույս, տաք վառարան, համեղ ուտելիք կար: Միշտ միասին էինք պարապում: Չեմ հիշում, որ միայնակ պարապած լինեմ: Այդ տարիներին հաճախ քաղաքային տրանսպորտը չէր աշխատում: Երրորդ մասից ոտքով էի գնում Պոլիտեխնիկ: Եթե բախտս բերում էր` մետրոն աշխատում էր, գոնե այդ մի օրը մետրոյով էի գնում դասի: Ինստիտուտից դուրս էինք գալիս մեծ խմբով, աղջիկներին հերթով ճանապարհում էինք քաղաքի տարբեր հատվածներ, խումբն աստիճանաբար փոքրանում էր, վերջում մնում էի ես»,-հիշում է Եգորը:

Ցանկությունը մեծ էր, հնարավորությունը` քիչ

Այսօր սովորողների առջև լայն հնարավորություններ կան, իսկ Գլումովի ուսանողական տարիներին ցանկությունը մեծ էր, հնարավորությունը` քիչ. «Կցանկանամ, որ այսօրվա ուսանողները օպտիմալ օգտագործեն իրենց բաժին հասած անսահման հնարավորությունները, կրթվեն, ինֆորմացվեն, հավատացե´ք, այսօր դաշտը բավական լայն է, պարզապես հարկավոր է կրթվել»,-եզրափակում է հաղորդավարը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ