ԳլխավորՄի կտոր գիրք

Թողնել-գնալը ծնվել-գալու պես հավերժ է. Հովիկ Աֆյան

…Ոչ մի ցավ էլ չի անցնում: Ցավը կծու բիբար չէ, ոչ էլ քաղցր ջեմ, որ պրծնի, անցնի-գնա: Եթե երբեք մարդու աչքերի մեջ նայած չես, չես էլ նկատում, որ էլ կողքիդ կանգնած չէ: Աչքերի մեջ նայելը հետը զրուցելը չէ, ներսը տեսնելն է, դրա թույլտվությունը ստանալն է, դրա դիմաց՝ քո աչքերով ներսդ ցույց տալն է:

«Չաստվածաշունչ». Հովիկ Աֆյան

Երբ գնում են նրանք, որոնց աչքերի մեջ նայել ես, ցավը չի անցնում: Որ գալիս են կամ չեն գալիս, ձեռքներն ուսիդ դնում են կամ չեն դնում, գլուխդ շոյում են կամ չեն շոյում, կողքիդ կանգնում են կամ չեն կանգնում ու ասում են՝ կանցնի, խաբում են: Իմաստունները՝ գիտակցաբար, չիմաստունները՝ ակամա: Իրենց խաբել են, իրենք էլ են խաբում, տեսել են, որ նման դեպքերում նման բաներ են ասում` կրկնում են: Մեղք չունեն:

Ոչ մեկն էլ մեղք չունի՝ անկախ նրանից, թե որտեղ ու որքան է ցավում: Դու էլ մեղք չունես: Եթե չցավի, ուրեմն մարդ չես, որ ցավում է, ուրեմն մարդ ես՝ սիրտ-հոգի ունես, հեռվում բան ու մարդ փնտրող աչքեր ունես, մի սիրուն երգ լսելու համբերություն ու կարիք ունես…Էնքա՜ն բանի կարիք ունես…

Բլից հարցազրույց՝ արձակագիր Հովիկ Աֆյանի հետ

Ամեն օր լվացվում ես, բայց կողքիցդ թողնում-գնում են:

Ամեն օր մի գիրք ես կարդում, բայց կողքիցդ թողնում-գնում են:

Ամեն օր մի նոր գինու անուն ես իմանում, բայց կողքիցդ թողնում-գնում են:

Ամեն հեռացողից հետո ավելի քիչ ես աղոթում, ու կողքիցդ թողնում-գնում են:

Թողնել-գնալը ծնվել-գալու պես հավերժ է: Հույսն այն է, որ թողնում-գնում են այնտեղ, որտեղից ծնվում-գալիս են: Մենակ հույսը ցավազրկող չէ: Պետք է ցավի: Չի անցնելու: Ցավի անցնելը նշանակում է թողնել-գնալուդ ժամանակն է: Դա գալիս է առանց կարծիքդ հարցնելու, ինչպես ծնվելուդ ժամանակը, ինչպես սիրելուդ ժամանակը: Գժվելու ժամանակներ են…Ազատ մարդ… Չէ մի չէ:

Գլուխդ կախիր ու գնա առաջ: Ոչ սեր ես, ոչ էլ ցավ, որ հավերժ լինես…

Հատված Հովիկ Աֆյանի «Կարմիր» վեպից

Comment here